Արմինֆո.Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, պնդելով, թե հունիսի 27-ի երեկոյան հայկական ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, այս անգամ՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում։
Այդ մասին ասվում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: «Այս տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը. ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գեթ մեկ կրակոց չեն արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ», - ասվում է հաղորդագրությունում։
Նախօրեին Հայաստանի ՊՆ ստիպված էր հերքել Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը` Գեղարքունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում հայկական ԶՈւ կողմից ադրբեջանական դիրքերը մի քանի ժամ շարունակ գնդակոծելու վերաբերյալ: «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Ավելին` Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ժամանակահատվածում ադրբեջանական կողմն է անկանոն կրակահերթեր արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել», - ասվում էր ՊՆ հաղորդագրությունում:
Ուշագրավ է, որ նախօրեին Ադրբեջանի զինված ուժերը փորձել են սադրանք կազմակերպել Սյունիքի սահմանին։ Ադրբեջանցի զինվորականները փորձել են խոչընդոտել հայ գյուղացիներին Տեղ գյուղի համայնքային դաշտերում: Ցորենը հանել եւ բերքահավաքը ապահովել հաջողվել էր միայն Հայաստանի զինված ուժերի միջամտությամբ եւ ուշադիր հսկողության ներքո