Արմինֆո. Հունիսի 24-ին տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Ինչպես հաղորդում էԿրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում նրա գլխավորած "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության հաղթանակի կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել Հայաստանի նոր կառավարության ձեւավորման գործընթացում: Հաստատվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդման փոխադարձ տրամադրվածությունը։ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարծիքների փոխանակման ընթացքում կարեւորվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների հետեւողական իրականացումը: Ռուսական կողմը կշարունակի ակտիվ միջնորդական ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում կայունության ապահովմանը։ "Պայմանավորվել են հետագա անձնական շփումների մասին", - ասվում է Կրեմլի հաղորդագրությունում:
Մինչդեռ, վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանում ընտրությունների բարեհաջող անցկացման և դրանցում արձանագրած հաղթանակի կապակցությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին և 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին: «Տվյալ համատեքստում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից ընդգծվել է ռազմագերիների վերադարձի առաջնային նշանակությունը», - հաղորդում է Փաշինյանի մամուլի ծառայությունը: