Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։
էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանը կարևորվել է հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցության դինամիկ զարգացումը և համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունն ունի ակտիվացման և զարգացման մեծ ներուժ։ Առանձնացվել են համագործակցության հետևյալ ոլորտները՝ առևտուր, բարձր տեխնոլոգիաներ, արևային պանելների արտադրություն, զարդերի արտադրություն և գյուղատնտեսություն։
Քննարկվել են երկու երկրներում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող առաջադեմ ընկերությունների միջև համագործակցության հեռանկարները և նախանշվել են դրանց ամրապնդման ու ընդլայնման նպատակով համատեղ նիստերի ու գործարար համաժողովների կազմակերպման հնարավորությունները։
Վահան Քերոբյանը բարձրացրել է երկու երկրների միջև լոգիստիկ խնդիրների առկայության հարցը, որը խոչընդոտում է առևտրատնտեսական հարաբերությունների արագ զարգացման գործընթացին։ Դեսպան Բոլատ Իմանբաևը տեղեկացրել է, որ Հայաստանի և Ղազախստանի քաղաքական խորհրդակցությունների ընթացքում երկուստեք կարևորվել է Երևան-Նուր-Սուլթան-Երևան ուղիղ ավիաչվերթի վերաբացումը։ Այդ համատեքստում կարելի է դիտարկել Հայաստանում մեծածախ լոգիստիկ կենտրոնի հիմնումը։
Հանդիպման ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը պայմանավորվեցին՝ իրենց լիազորությունների շրջանակներում նպաստել երկու երկրների միջև արդյունավետ և ակտիվ համագործակցությանը։ Համագործակցության ուղղությունների շուրջ քննարկումները և դրանց իրականացմանն ուղղված աշխատանքները կկրեն շարունակական բնույթ, ինչի մասին պարբերաբար կիրազեկենք հանրությանը։
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ 2020թ.հունվար-դեկտեմբերին 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 2,6%-ով (նախորդ տարվա 15,1% աճի դիմաց)՝ կազմելով 2.2 մլրդ դոլար: ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրի բացասական սալդոն կազմել է 842.4 մլն դոլար՝ 12 ամսվա ընթացքում ավելանալով 8,6% - ով (նախորդ տարվա 26,4% աճի դիմաց)՝ ներմուծման 0,2%, մինչեւ 1.5 մլրդ դոլար աճի եւ արտահանման 8,3%, մինչեւ 705.3 մլն դոլար անկման (մեկ տարի առաջ ներմուծման 17,6% եւ արտահանման 10.5% աճւ դիմաց) ֆոնին:
Ըստ վիճակագրական տվյալների՝ Ղազախստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառության տարեկան 38,4% անկումից հասել է 96% աճի։
ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքում Ղազախստանը զբաղեցնում է երրորդ տեղը ՝ 16.3 մլն դոլար։
Ղազախստանի ուղղությամբ հայկական ապրանքների արտահանումն աճել է 19,3%-ով՝ մինչեւ 6,4 մլն դոլար՝ ներմուծման 3,4 անգամ, մինչեւ 9,9 մլն դոլար աճի դեպքում՝ մեկ տարի առաջ այդ ցուցանիշների, համապատասխանաբար, 45% եւ 20,9% անկման դիմաց:
ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառության տեսակարար կշիռը արտաքին առևտրի ընդհանուր կառուցվածքում 2020թ. արդյունքներով կազմել է 31,7%՝ 2019թ.ի 28,3% -ի դիմաց: Ընդ որում, Ղազախստանի մասնաբաժինը 0,1% - ից աճել է մինչև 0,2%: Իսկ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքում Ղազախստանի մասնաբաժինը կազմում է 0,7%։