Արմինֆո.Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները և 2020թ.նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունից հետո մինչ օրս տեղի ունեցած գործընթացները մեծ նշանակություն ունեն Եվրոպայի խորհրդի համար, և այդ ամենին ուշադիր հետևել է մոնիտորինգի հանձնաժողովը: Այդ մասին ասված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի հայտարարության մեջ։
Միաժամանակ նշվում է, որ համապատասխան այլ հանձնաժողովների հետ համակարգմամբ հանձնաժողովը լսել է երկու երկրների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ անկախ փորձագետներին, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի հարցով համազեկուցողները պարբերաբար տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ համատեղ հայտարարություններ են արել:
"Հանձնաժողովը համոզված է, որ երկու երկրների ազգային խորհրդարանները կարող են եւ պետք է կարեւոր դերակատարություն ունենան փոխվստահության կառուցման, հաշտեցման գործընթացի եւ կողմերի միջեւ խաղաղ բանակցությունների վերսկսման ուղղությամբ քայլերի իրականացման գործում: Ուստի հանձնաժողովը ողջունում է եռակողմ հայտարարության իրականացման գործում ձեռք բերված առաջընթացը, սակայն, ընդսմին, մտահոգություն է հայտնում այն հաղորդումների կապակցությամբ, համաձայն որոնց, ոչ բոլոր ձերբակալվածներն են փոխանակվել այդ հակամարտության համատեքստում: Բացի այդ, հանձնաժողովը գտնում է, որ երկու կողմերը պետք է ամրապնդեն համագործակցությունը եւ հաղորդակցությունները, որոնք ուղղված են նշված տարածքների ականազերծմանը՝ քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով", - նշվում է հայտարարության մեջ:
Միաժամանակ, կոմիտեն կրկնում է, որ եռակողմ հայտարարության 8-րդ կետի հստակ նպատակը բոլոր ձերբակալվածների փոխանակումն է՝ առանց կողմերից մեկի տված կարգավիճակի տարբերության։
"Ընդգծելով մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի կողմից գերեվարված ենթադրյալ 188 հայերի վերաբերյալ արտահայտված մտահոգությունը՝ հանձնաժողովը կոչ է անում ադրբեջանական կողմին ապահովել բոլոր հայերի անհապաղ ազատ արձակումը եւ հանձնումը Հայաստանի իշխանություններին:
Հանձնաժողովը գտնում է, որ վերջին ռազմական գործողությունների ժամանակ մարդու իրավունքների եւ մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննության անկախ միջազգային առաքելության ստեղծումը կարող է նպաստել հաշտեցման եւ իրական խաղաղության հաստատման համար բարենպաստ միջավայրի ձեւավորմանը: Մշակութային ժառանգությունը կարևոր է հակամարտության բոլոր կողմերի համար, և դրա պաշտպանությունն ու վերականգնումն ապահովելու համար անհրաժեշտ մեխանիզմների անհապաղ ստեղծումը գերակա խնդիր։ Ուստի, մոնիտորինգի հանձնաժողովը Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների միջեւ հակամարտությունների հարցերով զբաղվող իր ենթակոմիտեին հանձնարարել է ավելի մանրամասն ուսումնասիրել այդ երկու հարցերի լուծման որոշակի մեխանիզմները", - նշվում է հայտարարության մեջ:
Վերջում հանձնաժողովը կոչ է անում երկու կողմերին կառուցողականորեն համագործակցել համապատասխան միջազգային ինստիտուտների, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, որպեսզի լիովին կատարեն եռակողմ հայտարարությունը եւ խաղաղ բանակցություններ սկսեն: