Արմինֆո. Թուրքիայի միջոցով և դրդմամբ Ադրբեջանն այսօր շարունակում է ակնհայտորեն ամրապնդել իր ռազմական ներուժը՝ համագործակցելով սպառազինության բոլոր հնարավոր մատակարարների հետ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կովկասի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ղեկավար Ալեքսանդր Սկակովը։
"Բացի Ադրբեջանի ուժեղացող ռազմականացման ներքին շահառուներից՝ երկիրը սպառազինությամբ համալրելու օգտին եւս մեկ կարեւոր գործոն է, անկասկած, աշխարհաքաղաքականությունը։ Ադրբեջանը, կրկին Թուրքիայի աջակցությամբ, այսօր ձգտում է ուժեղացնել սեփական դերը տարածաշրջանում։ Եվ, դատելով վերջին ազդակներից, Բաքվում կարծում են, որ կարող են ուժով հարևաններին տարբեր ծրագրեր պարտադրել։ Ինչի մասին է խոսվում բացահայտ", - նշել է նա։
Հակամարտող կողմերի միջև հաշտության պայմանագրի բացակայության փաստն իսկ՝ ընդամենը զինադադարի մասին հայտարարության առկայության պայմաններում, ըստ Սկակովի, արդեն իսկ սպառնալիք է: Հաշվի առնելով հրադադարի մասին հայտարարության կետերի իրականացման շուրջ նոր հակասությունների առաջացման հեռանկարը՝ այդ սպառնալիքը լրացուցիչ ուժ եւ նշանակություն է ձեռք բերում։ Եվ, նույնիսկ, Ռուսաստանի կողմից Հայաստանի անվտանգության երաշխավորման ֆոնին Հայաստանում ներքին իրավիճակն ավելի մեծ խոցելիություն է հաղորդում երկրին։
Նշելով Ռուսաստանի դերը որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր, որպես զսպող գործոն, ռուս փորձագետը, այդուհանդերձ, ընդգծել է սպառնալիքների առկայությունը ՝ իրավիճակի զարգացման հետագա սցենարների լիակատար անկանխատեսելիության լույսի ներքո: Նրա կարծիքով, իրավիճակն ավելի է բարդացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների բացակայությունը։ Մինչդեռ Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները, ըստ Սկակովի, այնքան էլ արդյունավետ չեն։
Մինչդեռ, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, փորձագետի գնահատականների համաձայն, արդեն մտնում են աշխարհաքաղաքական ակտիվության նոր փուլ։ Եվ ԱՄՆ նոր վարչակազմը, նրա կանխատեսմամբ, շատ շուտով լրացուցիչ թափ կհաղորդի այդ գործընթացներին։ Այս ֆոնին կայունությունն ու խաղաղությունը պահանջում են վերջնական հաշտության պայմանագրի ստորագրում, եւ միայն հրադադարը, նրա կարծիքով, այստեղ արդեն բավարար չէ:
"Հասկանալի է, որ Հայաստանում եւ այժմ արդեն Լեռնային Ղարաբաղում տեղակայված են ռուս զինվորականներ։ Դրանով Ղարաբաղի շուրջ նոր ստատուս քվոն տարբերվում է նախորդից։ Եվ, այնուամենայնիվ, Հայաստանը պետք է լրջորեն մտածի սեփական անվտանգության ամրապնդման մասին։ Եվ, առաջին հերթին, ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին։ Դա է պահանջում իրավիճակը, առկա և պարբերաբար առաջացող մարտահրավերներն ու սպառնալիքներն ու կյանքն՝ ինքը", - ամփոփել է ռուսաստանցի փորձագետը։