Արմինֆո. Փետրվարի 12-ին հաղորդվել էր Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանը պղծելու և կարմիր ներկանյութով վնասելու մասին:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարել է 36-ամյա մի տղամարդ: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 15-ին նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի (Վանդալիզմը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ միջադեպին արձագանքել էր <Իմ քայլը> դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյան՝ խստորեն դատապարտելով վանդալիզմի ակտը։ <Խստորեն դատապարտում ենք Երևանի Օղակաձև զբոսայգում տեղադրված հրեա ու հայ ժողովուրդների ցեղասպանությունների հուշարձանի պղծումը։ Վանդալիզմի այս դրսևորումը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն համամարդկային արժեքների դեմ, և այն պետք է արժանանա պատշաճ հետաքննության, իսկ հանցագործությունն իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ բացառելու և կանխելու համար հետագայում նմանօրինակ դեպքերի կրկնությունը>,- նշել էր նա։