Արմինֆո. ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի ԱՄՆ այցի առնչությամբ:
«Մամուլից իմացանք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, այսօր հասել է Լոս Անջելես։ Տիկ. Հակոբյանը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձախողակ դիվանագիտությունը, թշնամու նկատմամբ երկչոտ վերաբերմունքը, ընդդիմադիրների դեմ նրա գործադրած բռնարարքները, Հայաստանի ու Սփյուռքի հայության հանդեպ բաժանարար եւ սպառնալից մոտեցումները, մեր անհետ կորած եւ գերեվարված զինվորներին վերադարձնելու՝ նրա անկարողությունը, հետպատերազմյան մարդասիրական ճգնաժամի նկատմամբ նրա ապաշնորհ կեցվածքը, նրա ստերը պատերազմից առաջ, դրա ընթացքում ու դրանից հետո, նրա դավադրամտությունը՝ գաղտնաբար ստորագրելով մեր հողերը հանձնելու հայտարարության տակ, պատերազմը ղեկավարելու՝ նրա քանդիչ մեթոդաբանությունը, որ հանգեցրեց հազարավոր զինվորների նահատակության, եւ, փաստորեն, ադրբեջանական օրակարգը պաշտպանելն ու առաջ մղելը։ Մենք հստակ պատգամ ունենք տիկ. Հակոբյանին, որը մեր համայնք է այցելում առանց նախապես հայտարարելու եւ մեզ անծանոթ պատճառներով։ Ձեր ներկայությունը ողջունելի չէ այստեղ, տիկի՛ն Հակոբյան», - ասվում է հայտարարությունում:
Նշենք, որ Աննա Հակոբյանը Լոս Անջելես է ժամանել նախօրեին: Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները խիստ բացասական են ընդունել նրա այցը: Ավելին, Գլենդելում (ԱՄՆ) տեղի է ունեցել հանրահավաք Հայաստանի իշխանությունների դեմ։ Ակցիայի մասնակիցների ձեռքերին եղել են "ոչ դավաճաններին", "Ազատություն ռազմագերիներին" գրառումներով պաստառներ: Նրանք հանդես են եկել Հայաստանի իշխանությունների հասցեին քննադատությամբ, մասնավորապես, Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանի ձերբակալության կապակցությամբ։