Արմինֆո. Երբ Հայաստանն Արցախից արհեստականորեն անջատելու համար 1923թ. ձևավորվեց (Կարմիր) Քուրդիստանը, ՀՍԽՀ Զանգեզուրի հետ սահմանային վեճերը հատկապես սրվեցին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
<Այդ ժամանակ զանգեզուրցիների բարձրացրած արդարացի գլխավոր մտահոգություններից են մշտապես եղել հողերի, ձմեռային ու ամառային արոտատեղերի և այգիների նկատմամբ գյուղացիների իրավունքների հարցերը:Օրինակ՝ 1925թ. հոկտեմբերին ՀՍԽՀ հողժողկոմ Ա. Երզնկյանի տեղեկանքում նշվում էր, որ Մեղրիի և Կարյագինոյի (Ջաբրայիլ) հետ կապված՝ սահմանից արևմուտք ընկնող տարածքները հիմնականում ձմեռային արոտատեղեր էին, որոնք փաստացի օգտագործում էին Կապանի և Մեղրիի շրջանների խոտհարքներ չունեցող գյուղերի բնակիչները: Գլխավոր պատճառներից էր բերվում այն, որ առանց այդ արոտատեղերի նշված շրջանների գյուղերի անասնապահությունը կաթվածահար կլիներ:
Մեկ այլ դեպքում՝ Զանգեզուրի և Քուրդիստանի գավառների միջև սահմանների գծման տեղական հանձնաժողովի ղեկավար Յա. Կոչետկովն, օրինակ, Թղութ գյուղին վերաբերող ադրբեջանական առաջարկների չհամաձայնելու հիմքում էր դրել այն, որ դա Շվանիձորի թաղամասերից մեկն է և այդտեղի հողերը (այգիներն ու արոտավայրերը) իրար այնպես են կցված, որ այդ գյուղերը մեկը մյուսից բաժանելն անհնար է լինելու:
Գյուղացիների իրավունքների մասով նույն վեճերը եղել են նաև Կապանի ու Զանգելանի, Խոզնավարի ու ադրբեջանական գյուղերի միջև:
Սահմանային վեճերը լուծող ՀՍԽՀ տեղական ու հատկապես Անդրդաշնության կենտրոնական հանձնաժողովային 1924թ., 1926թ., 1929թ., 1935թ. և մյուս տարիների աշխատանքների նյութերից երևում է, որ ՀՍԽՀ գյուղացիների իրավունքները մշտապես թերի են քննարկվել. օրինակ՝ անտեսվել են Զանգեզուրի սակավահողությունը և գյուղերի միջև կապերը (վարչական, տնտեսական և այլն), հաշվի չի առնվել այն, թե ինչ դժվարություններ կարող էին առաջ գալ գյուղերի բնակիչների իրավունքների համար:
Լիարժեք ուշադրություն չի դարձվել գյուղերի անվտանգության հարցերին (Քուրդիստանի տարածքից հայկական գյուղերի վրա տարբեր ավազակախմբերի հարձակումներին, գողություններին և այլն), որն էլ ուղիղ ազդել է գյուղացիների կողմից արոտատեղերի և մյուս հողերի օգտագործման վրա (օրինակ՝ երբ Անդրդաշնության ԿԳԿ-ի նախագահության 1929թ. փետրվարի որոշմամբ Կապանի շրջակայքի` Ողջի և Բասուտ գետերի ավազանի 21 գյուղերը հանձնվեցին Ադրբեջանի Ջաբրայիլ գավառին):
Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ ՀՀ բնակիչների իրավունքները սահմանների որոշման գործընթացում պետք է դրվեն որոշումների հիմքում, անհրաժեշտ է հաշվի առնել նախկինում թույլ տված բոլոր սխալները, դրանցից քաղել անհրաժեշտ դասեր ու թույլ չտալ իրավունքների ոտնահարում կամ անտեսում>,- գրել է նա։
Ավելի վաղ օմբուդսմենը հայտնել էր, որ ՀՀ Սյունքի մարզի Կապանի Ճակատեն, Ներքին Հանդ, Շիկահող, Եղվարդ, Ագարակ, Ուժանիս գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինվորականները կրակոցներ են արձակում փոքր, ինչպես նաև խոշոր տրամաչափի զինատեսակներից` լինելով նաև հարբած վիճակում:
<Նշված բոլոր գյուղերի բնակիչները և համայնքային մարմինները Մարդու իրավունքների պաշտպանին, մասնավորապես, ահազանգեր են ներկայացնում այն մասին, որ կրակոցներն արվում են պարբերաբար՝ ինչպես ցերեկային ժամերին, այնպես էլ գիշեր ժամանակ: Ըստ ահազանգերի՝ կրակոցներն ակնհայտ պարզ լսվում են գյուղերում, նպատակ ունեն ահաբեկել խաղաղ բնակիչներին ու առաջին հերթին երեխաներին ու կանանց:
Ընդ որում, գյուղացիները դիտարկել են, որ հաճախ են դեպքերը, երբ հարբած վիճակում են ադրբեջանական զինվորականների կրակցներն արձակվում: Հենց այդ ժամանակ է, որ կրակոցները խոշոր տրամաչափի զինատեսակներից են ու ինտենսիվ:
Այս կրակոցների մասին Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորած պատվիրակությանն ահազանգեր էին ներկայացվել դեռևս 2021 թվականի հունվարի 9-ին Կապանի Ճակատեն և այլ գյուղեր այցերի ընթացքում: Այդ ժամանակ նաև անմիջականորեն էր արձանագրվել, որ կրակոցներով ակնհայտ լարվածություն է առաջանում գյուղերում:Այս հանցավոր, բացարձակ դատապարտելի արարքները պետք է ի սպառ վերանան: Դրանք դարձել են իրական սպառնալիք Հայաստանի խաղաղ բնակիչների կյանքի ու առողջության պահպանման, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության և միջազգայնորեն ճանաչված ու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մյուս իրավունքների համար: Սրանք կոպտորեն խախտում են նաև նաև երեխաների շահերը: Այս փաստն ավելի է ամրապնդում Մարդու իրավունքների պաշտպանի համոզմունքը, որ խաղաղ բնակիչների կյանքի ու կենսական մյուս իրավունքների համար իրական սպառնալիք է նաև ադրբեջանական զինված ծառայողների առկայությունը Հայաստանի սահմանային բնակավայրերի անմիջական հարևանությամբ, միջպհամայնքային ու միջպետական ճանապարհներին:
Այս փաստերի վերաբերյալ հաղորդումներ ուղարկվելու են միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, ԵԽ-ին: Առանձին հաղորդումներ կուղարկվեն նաև միջկառավարական կազմակերպությունների հատուկ մեխանիզմներին>,- հայտնել էր Թաթոյանը։