Արմինֆո. ԱԺ "Իմ քայլը" խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի նշանակումը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում զրոյացնում է մեր երկրի միջազգային հեղինակությունը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
"Ուզում եմ հիշեցնել, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը, լինելով ընդդիմադիր պատգամավոր, բողոքում, որ երկրի իշխանությունները դեսպաններ են նշանակում ՝ հիմնվելով ազգակցական կապերի վրա, նա անընդհատ ասում էր, որ դեսպանները պետք է լինեն պրոֆեսիոնալ դիվանագետներ։ Իսկ հիմա ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից մեկում դեսպան է նշանակվում մի կին, որը, պարզապես, լավ է տիրապետում անգլերենին։ Դա աղետ է", - նշել է Զոհրաբյանը։
Նա ընդգծել է, որ այսօր ի դեմս Նիկոլ Փաշինյանի մենք տեսնում ենք մի մարդու, ով լրիվ հակառակն է անում այն ամենին, ինչ նա տարիներ շարունակ քարոզել է որպես ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ:
"Ես արդեն հրաժարվում եմ խոսել աղետալի հետևանքների մասին, որոնք դա կարող է ունենալ Հայաստանի համար ։ Մենք այսօր ունենք փլուզված պետություն, յուրաքանչյուր նման որոշում ուղղակի հարված է պետականությանը։ Տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է իր մարդկանց տեղավորել հնարավորինս հարմարավետ պայմաններում։ Նա շատ լավ հասկանում է, որ եթե ոչ այսօր, ապա վաղը անպայման կգա քաղաքական և իրավական պատասխանատվության ժամանակը, նա ուզում է իր դրածոներին դուրս բերել Հայաստանից", - եզրափակել է պատգամավորը։