Արմինֆո. "Լուսավոր Հայաստան" կուսակցության և նույնանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում հաղորդել է, որ Միլանի դատարանը ԵԽԽՎ նախկին անդամ Լուկա Վոլոնտեին 4 տարվա ազատազրկման է դատապարտել Ադրբեջանի ղեկավարությունից կաշառք ստանալու համար:
«Հիշու՞մ եք ԵԽԽՎ կոռուպցիոն սկանդալը, որ ադրբեջանական լոբբինգի համար պատվիրակները կասկածվում էին կաշառք ատանալու մեջ: Այս մասին երկար ժամանակ ելույթներ ենք ունեցել ԵԽԽՎ տարբեր նիստերում։ Վերջապես արդյունք եղավ։ Միլանում դատարանը ԵԽԽՎ նախկին անդամ Լուկա Վոլոնտեին մեղավոր է ճանաչել Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցի ընդունումը արգելափակելու համար 0.5 մլն եվրո ստանալու դիմաց: Քաղաքական գործիչը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման», - գրել է Մարուքյանը։
Նշենք, որ 2017 թվին սկանդալ էր հասունացել ԵԽԽՎ-ում, որն անվանվել էր "Ադրբեջանական լանդրոմատ"։ Ըստ ջրի երես դուրս եկած փաստերի՝ Ադրբեջանը Մեծ Բրիտանիայում կեղծ ընկերությունների միջոցով 2,9 մլրդ դոլար էր լվացել։ Այդ գումարները գնում էին եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու վրա, որոնք Ադրբեջանի շահերի լոբբինգ էին անում ԵՄ-ում և արգելափակում էին բանաձևերը, որոնք դատապարտում էին նախկին խորհրդային հանրապետությունում մարդու իրավունքների խախտումները։
Ադրբեջանի կոռուպցիոն մետաստազները չեն շրջանցել անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ն։ Օրերս հրաժարական է տվել կազմակերպության գլխավոր քարտուղարը, քանի որ նրա ամուսինը ներգրավված է եղել այդ կոռուպցիոն սկանդալի մեջ։ Նույնիսկ CNN-ը հայտնվել է ադրբեջանական կոռուպցիոն ինտրիգների հորձանուտում։