Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները միասնական են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա մնացած հարցերը լուծելու իրենց մոտեցումներում։
Այդ մասին դեկտեմբերի 11-ին Sputnik-ում ղարաբաղյան հակամարտությանը նվիրված կլոր սեղանի ժամանակ հայտարարել է պրոֆեսոր, ՄԳԻՄՕ-ի պատվավոր դոկտոր, Հայաստանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը (այդ պաշտոնը զբաղեցրել է 2008-2018 թվականներին)։
Նա փաստել է, որ դեռ 3 շաբաթ առաջ պարզ չէր, թե արդյոք համանախագահ երկրներին կհաջողվի համաձայնեցնել Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որը տարածվել էր դեկտեմբերի առաջին օրերին ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստից հետո, քանի որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների կողմից Ռուսաստանի հետ համատեղ հայտարարության ստորագրումից հետո, Փարիզն ու Վաշինգտոնը որոշ հարցեր ունեին այդ փաստաթղթի վերաբերյալ:
Ընդ որում, Նալբանդյանն արձանագրել է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը իրավական հիմքեր է ստեղծել տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման եւ մարտական գործողությունների դադարեցման համար:
"Դրանից հետո կասկածներ կային Մինսկի բանակցային ձևաչափի պահպանման նպատակահարմարության, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի գործունեության վերաբերյալ։ Բայց համատեղ հայտարարության մեջ կարևորվեց նաև Կասպրշիկի գրասենյակի պահպանումը, և որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մնում են միասնական հիմնարար սկզբունքների հիման վրա մնացած հարցերի լուծման իրենց մոտեցումներում։ Իսկ ի՞նչ է մնում։ Մնացած հարցերի թվում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։ Այդ փաստաթղթում այն բացակայում է: Թեև, հետո Ռուսաստանը պարզաբանեց, որ այդ հարցը մնում է օրակարգում։ Այժմ առանցքային կարեւոր հարց է մնում Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը, որը կորոշի Արցախի հետագա ճակատագիրը", - նշել է Նալբանդյանը, հավելելով, որ միջանկյալ կարգավիճակի դեպքում Լեռնային Ղարաբաղը օժտված էր պետական կառույցների բոլոր մարմինների ձեւավորման, օտարերկրյա ուղիղ ներդրումների ստանալու, արտաքին շուկաներ մուտք գործելու, մարդասիրական նախագծերի հասանելիության, միջազգային կառույցների աշխատանքներին մասնակցելու իրավունքով, եթե դա չէր հակասում խաղաղ պայմանավորվածություններին։ Հայ դիվանագետի խոսքով, միջանկյալ կարգավիճակի ժամանակ ևս մեկ կարևոր հարց է մնում՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման հարցը:
Ընդ որում, նա անհիմն է համարել որոշ պնդումներ, թե Ռուսաստանը Արցախի կարգավիճակի հարցը հանել է համաձայնագրից, հիշեցնելով, որ այն բանակցությունների օրակարգում է եղել բոլոր փուլերում, բոլոր աշխատանքային փաստաթղթերում, այդ թվում՝ Կազանի փաստաթղթում, որից հրաժարվել է Ադրբեջանը։
Այս կապակցությամբ Նալբանդյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի նրա բնակչության ազատ կամարտահայտման միջոցով, եւ որը պարտադիր միջազգային բնույթ կունենար բոլորի, այդ թվում' Ադրբեջանի համար: Ընդ որում, Հայաստանի նախկին արտգործնախարարն ընդգծել է, որ բանակցություններում նաեւ որոշվել են հանրաքվեին մասնակցելու էթնիկ համամասնությունները, որոնք հիմնվում են Լեռնային Ղարաբաղի բնակչության 1988 թվականի վերջին մարդահամարի տվյալների վրա:
"Անշուշտ, այս իրավիճակում, երբ պատերազմ է տեղի ունեցել, կոնֆիգուրացիաների փոփոխություն է տեղի ունեցել, Արցախի կարգավիճակի հարցը կարող է հետաձգվել, բայց այն չի կարող հանվել օրակարգից, թեև Ադրբեջանը պնդում է, որ այն հանվել է օրակարգից", - ասել է դիվանագետը, միաժամանակ հիշեցնելով, որ եթե նախկինում համանախագահները միշտ կարևորել են երեք սկզբունքների պահպանումը (ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք), ապա վերջին հայտարարության մեջ նրանք ուշադրությունը սեւեռել են ուժի չկիրռաման վրա, մինչդեռ, ինքնորոշման հարցը լռության է մատնվել:
Նալբանդյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդների երեկվա հայտարարությանը, որտեղ արտահայտվել են Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ և սպառնալիքներ հայերի հասցեին ՝ այդ հայտարարությունները որակելով վտանգավոր։ "Ըստ երևույթին, Ալիևի և Էրդողանի հավակնությունները մինչև վերջ բավարարված չեն, և վտանգավոր եմ համարում այն սպառնալիքները, որոնք հնչում են Բաքվից և Անկարայից։ Այդ կապակցությամբ չէր կարելի լիովին լռել, թե ով էր 1994-95թթ. հրադադարի մասին անժամկետ համաձայնագրերի խախտումների նախաձեռնողը",- ընդգծել է Հայաստանի նախկին արտգործնախարարը։ Նա նշել է, թե ակնհայտ է, որ հենց Ադրբեջանն է նախաձեռնել ռազմական գործողություններ այս տարվա սեպտեմբերին, և համոզմունք հայտնել, որ հենց դա լռության մատնելն է հանգեցնում այնպիսի հայտարարությունների, որոնք երեկ հնչել են Բաքվում:
Անդրադառնալով Արցախի կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը՝ Նալբանդյանը նշել է, որ պաշտոնական Երեւանը միշտ էլ պահպանել է այն դիրքորոշումը, որ եթե Ադրբեջանը նոր պատերազմ նախաձեռնի, ապա ստիպված կլինեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը, քանի որ այլեւս հնարավորություն չի լինի շարունակել բանակցությունները:
"Հարց է առաջանում, թե ինչու դա չի արվել 2016 թվականի ապրիլին։ Բանն այն է, որ մարտական գործողությունները հաջողվել է կանգնեցնել 3.5 օրվա ընթացքում։ Բայց այդ ժամանակ պատրաստել էին բոլոր փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման համար։ Եվ մենք պատրաստ էինք դրան։ Բայց կրակի դադարեցման շուրջ ինտենսիվ բանակցություններ էին ընթանում, և եթե դրանք ձախողվեին, Հայաստանը կճանաչեր։ Ռուսաստանի անհապաղ արձագանքի շնորհիվ հնարավոր դարձավ ռազմական գործողությունների դադարեցումը",-ասել է Նալբադյանը, հավելելով, որ միջնորդները միշտ ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը խաչ կքաշի բանակցությունների վրա, հենց այդ պատճառով էլ չի ճանաչվել, բայց 44 օրյա պատերազմի ընթացքում բոլոր հիմքերը կային Լեռնային Ղարաբաղի ճանաչման համար, եւ այդ քայլը կարող էր օգտակար լինել ։