Արմինֆո. Հայաստանն այս տարի չի մասնակցի "Մանկական Եվրատեսիլ" - ի ամենամյա մրցույթին, որը պետք է տեղի ունենա նոյեմբերի 29-ին Լեհաստանում: Այդ մասին ասված Է մրցույթի պաշտոնական էջում։
Նման որոշումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողություններով եւ Հայաստանում հայտարարված ռազմական դրությամբ։ "Մանկական Եվրատեսիլ"-ի գործադիր սուպերվայզեր Մարտին Օստերդալը նշել է, որ Հայաստանը Մանկական եվրատեսիլի ամենահաջողակ մասնակիցներից մեկն է, որը նախորդ 13 մրցույթներում ոչ մի անգամ դուրս չի մնացել առաջին տասնյակից: «Մենք հասկանում ենք նրանց չմասնակցելու պատճառները, բայց դա շատ տխուր նորություն է: Հույս ունենք նրանց ընդունել 2021 թվականին», - ասել է նա։
Նշենք, որ այս տարի մրցույթին կմասնակցեն Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Իսպանիայի, Գերմանիայի, Մալթայի, Սերբիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Լեհաստանի, Վրաստանի եւ Ղազախստանի պատանի ներկայացուցիչները: