Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ, որոնք հիմնավորում են Թուրքիայի կողմից Եվրոպական դատարանի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու մասին 2020 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը չկատարելը: Այդ մասին ասվում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության հայտարարությունում:
«Կառավարությունը Դատարանին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի շարունակական, ուղղակի և անուղղակի ներգրավման մասին: Նաև հավաստի ապացույցներ են ներկայացվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում սիրիացի վարձկանների ներգրավման վերաբերյալ, որոնք Ադրբեջան են տեղափոխվել ու տեղակայվել թուրքական ուժերի կողմից: Միևնույն ժամանակ, Թուրքիան շարունակում է իր ներգրավվածությունը՝ հակամարտության մեջ Ադրբեջանին օգնելու պատրաստակամության անթաքույց հայտարարություններով: Դատարանին ներկայացված ապացույցները առավել ամրապնդվում են նաև օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարություններով», - ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ճանաչել է Թուրքիայի միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը և գրոհայինների հավաքագրումը՝ Ադրբեջան տեղափոխելու նպատակով: Հոկտեմբերի 5-ին ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությունից հարցում է ստացել 39 նորմի հիման վրա միջանկյալ միջոց կիրառելու մասին, առաջին հերթին, Թուրքիայի դեմ ՝ կապված Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ։ Հայաստանը դիմել է դատարան՝ Սիրիայից և Լիբիայից զինյալներին ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխելու մասին տեղեկությունների հիման վրա։ Դատարանը հաստատել է սեպտեմբերի 29-ի որոշումը միջանկյալ միջոցներ կիրառելու մասին եւ կոչ է անում հակամարտության մեջ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում ՝ Թուրքիային, ձեռնպահ մնալ եվրոպական կոնվենցիայով նախատեսված քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումից: Դա նշանակում է, որ դատարանը համաձայնել է հայկական կողմի փաստարկներին և բերված ապացույցներին։