Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, այդ ըմբռնման են հանգում թե Ադրբեջանում, թե Հայաստանում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ ամփոփելով Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանների ղեկավարներ Սահիբա Գաֆարովայի եւ Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցների արդյունքները։
"Ցանկացած շփում, ցանկացած երկխոսություն, ցանկացած հեռախոսային բանակցություն, իհարկե, ավելի լավ է կրակոցներից: Եվ մենք շատ լավ զրույցներ ունեցանք և Հայաստանի, և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հետ։ Եվ, իհարկե, նրանք նույնպես շատ անհանգստացած են այն ամենով, ինչ տեղի է ունենում, յուրաքանչյուրը փորձում է շարադրել իր ճշմարտությունը", - նշել է նա։ "Մեր դիրքորոշումն անփոփոխ է, համառ, մենք այն կիրականացնենք, եւ մեր երկրի նախագահը շատ բան է անում արդյունքի հասնելու համար. անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, անհապաղ դադարեցնել կրակը", - ընդգծել է Մատվիենկոն:
"Ինձ թվում է, եւ երկու կողմից էլ արդեն հասկացվում է, որ ռազմական լուծում չկա, եւ մենք բազմիցս այդ մասին ասել ենք ։ Այդ հակամարտության ռազմական լուծում չկա, միայն բանակցություններ, միայն փոխզիջումներ երկու կողմերից, միայն փոխընդունելի լուծման որոնում", - հայտարարել է Դաշնության խորհրդի խոսնակը: Մատվիենկոն կոչ է անում դադարեցնել բոլոր սադրիչ հայտարարությունները, որոնք "յուղ են լցնում ղարաբաղյան հակամարտության կրակի վրա", քանզի ղարաբաղյան հակամարտությունում այլ պետությունների ավազակային կազմավորումների ներգրավումը սպառնում է ոչ միայն Հայաստանին եւ Ադրբեջանին, այլեւ՝ ողջ տարածաշրջանին։