Արմինֆո. Թուրքիան Իլհամ Ալիևին թույլ չի տալիս իրականացնել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ, վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը։
"Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գործնականում, բաց տեքստով ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովին և Իլհամ Ալիևին բացատրել է, որ Բաքուն պետք է հետևի հրադադարի ռեժիմի միայն հումանիտար մասին, եւ դիակները հավաքելուց հետո Ադրբեջանին պետք է շարունակի պատերազմը", - ընդգծել է նա։
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ից, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջեւՄոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ուժի մեջ է մտել հումանիտար նկատառումներով հայտարարված հրադադարի ռեժիմը: Այդուհանդերձ, ադրբեջանական բանակի հարձակումները շարունակվում են ։ Ընդ որում, ոչ միայն Արցախի ռազմաճակատի գծի հարավային ուղղությամբ, այլև Հայաստանի տարածքի ուղղությամբ՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով։
Մինչդեռ, ըստ վերլուծաբանի, Երեւանի եւ Բաքվի 11-ժամյա բանակցությունների արդյունքներին, նույնիսկ, ամենահոռետեսական հայացք նետելիս երեւում է, որ զոհվածների դիակների փոխանակումը միայն առաջին քայլն է: Երկրորդ քայլը, ըստ էության, անցումն է բանակցությունների, սուբստանտիվ բանակցությունների: Սակայն, Չավուշօղլուն, Սաֆարյանի կարծիքով, բավական մատչելի կերպով բացատրել է Ալիևին, որ երկրորդ քայլը չպետք է լինի, պետք է լինի միայն ռազմական գործողությունների շարունակություն։
Հիմնական միջնորդի արձագանք՝ ի դեմս Ռուսաստանի, ըստ նրա, առայժմ չի նկատվում։ Իսկ Ալիևը դեռ փորձում է մանևրել Մոսկվայի և Անկարայի միջև։ Ընդ որում, ռազմավարական առումով, անշուշտ, մնալով թուրքական ուղեծրում, այդ թվում՝ Անկարայի հակառուսական ուղղվածության ծրագրերում։
Սաֆարյանի գնահատմամբ, Անկարայի նման ճնշման արդյունքում Բաքուն արդեն խոստովանել է, որ չի պատրաստվում պահպանել հրադադարի ռեժիմը ԱԳՆ ղեկավարների մոսկովյան օրակարգի երկրորդ կետի մասով, որը դեռեւս ենթակա է համաձայնեցման:
"Եվ վերջապես, ամենակարևորն այն հարցի պատասխանն է, թե ինչի է ձգտում հասնել Թուրքիան նման վարքագծով։ Անկարայում, ըստ ամենայնի, կարծում են, որ Մոսկվայի հետ կիսելով Մերձավոր Արևելքը, իրենք լիովին իրավունք ունեն հավակնելու Հարավային Կովկասի բաժանմանը։ Իսկ Ռուսաստանը, պարզապես, պարտավոր է Թուրքիային տալ իր բաժինը։ Սակայն Թուրքիայի ռազմավարությունը, անկասկած, Հարավային Կովկասով չի ավարտվում", - ընդգծել է նա։
Ռեջեփ Էրդողանը, վերլուծաբանի գնահատմամբ, արդեն վաղուց անցել է տարածաշրջանում կարմիր գիծը եւ ձգտում է նրա սահմաններից դուրս: Այս լույսի ներքո՝ Թուրքիան, նրա կարծիքով, այսօր ահաբեկիչներ է ուղարկում բնավ ոչ միայն Ադրբեջան։ Դրանց տեղակայելով Ռուսաստանից ներքեւ Թուրքիան, պատկերավոր ասած, արդեն ուղարկում է դրանց ռուսական Հյուսիսային Կովկաս։ Ըստ Սաֆարյանի, դատելով ռուսական փորձագիտական հանրության արձագանքից, Մոսկվայում այդ ամենը հիանալի տեսնում են։ Սակայն, անհասկանալի է, թե Ռուսաստանն այս պահին ինչպես է պատրաստվում արձագանքել այս ամենին։