Արմինֆո. Եվրոպական խորհրդարանի անդամ Ստելիոս Կիմպուրոպուլոսի նախաձեռնությամբ Եվրախորհրդարանի 24 պատգամավորներ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ գրավոր հարցում են ուղարկել ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելին։
Մասնավորապես, եվրապատգամավորները հարցնում են, թե արդյոք ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, և ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել ԵՄ խորհուրդը, որպեսզի ճնշում գործադրի Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ՝ մարտական գործողությունները դադարեցնելու և Արցախից զորքերը դուրս բերելու նպատակով:
Մեկնաբանելով Եվրախորհրդարանի պատգամավորների գրավոր հարցումը Հայ դատի Եվրոպայի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը հայտարարել է, որ այդ գրավոր հարցումը Եվրախորհրդարանի անդամների բազմաթիվ նախաձեռնություններից միայն մեկն է: Եվրոպական խորհրդարանում գրեթե բոլորը հասկանում են, թե ով է սանձազերծել այդ պատերազմը, բացառությամբ բառացիորեն երկու պատգամավորների, որոնք տարբեր պատճառներով հայտնի են իրենց ադրբեջանամետ դիրքորոշմամբ։ Այդ պատճառով Եվրախորհրդարանում Ադրբեջանին աջակցության վերաբերյալ ոչ մի հայտարարություն չի արվել։
Վերջում Կարապետյանը նշել է, որ Հայ Դատի եվրոպական գրասենյակը, նրա կոմիտեները Բրյուսելում և Եվրոպական տարբեր մայրաքաղաքներում շարունակում են ակտիվորեն բարձրացնել քաղաքական գործիչների իրազեկվածությունը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ։