Արմինֆո.Հայաստանը և Արցախը որևէ շահագրգռվածություն կամ մտադրություն չունեն իրավիճակը սրելու: Մենք մերժել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով կարգավորման տարբերակը: Ուստի` միանգամայն անընդունելի է այս մեղադրանքների խաղի մեջ մտնելը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ BBC Newshour-ին տված հարցազրույցում։
Նաժարարը ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ այս հարձակումը և լարվածությունը շարունակում են մնալ չափազանց բարձր: «Մենք պետք է ներդնենք բոլոր հնարավոր ջանքերը դրանից խուսափելու համար, քանի որ դա կհանգեցնի ամբողջ տարածաշրջանի ապակայունացմանը, իսկ մենք մերժում ենք նմանօրինակ տարբերակը: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ մենք մերժում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ռազմական կարգավորման տարբերակը: Այս պահին Արցախի պաշտպանական ուժերին ոչինչ չի մնում, քան պաշտպանվել, քանի որ այժմ նրանք հակադարձում են Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի լայնածավալ հարձակումներին: Այս պահին առաջնային է ետ մղել ադրբեջանական ուժերի հարձակումները և պարտադրել նրանց վերադառնալ բանակցային սեղան», - ասել է նախարարը:
Զոհրաբ Մնացականյանը նաեւ ընգդծել է, որ Արցախն իրացնում է ինքնորոշման իր իրավունքը: «Արցախը Հայաստանի պատմական տարածքն է: Արցախի հայ բնակչությունը զանգվածային խտրականության է ենթարկվել ամբողջ ժամանակահատվածում, երբ բոլշևիկյան կառավարության որոշմամբ այն փոխանցվեց Ադրբեջանին: Արցախի կարգավիճակը բանակցային փաթեթի առանցքային հարցերից մեկն է. կարևորագույն խնդիրներից մեկը, որը պետք է լուծվի բանակցությունների և փոխզիջման միջոցով», - հայտարարել է նա:
Հայաստանի արտգործնախարարը նաեւ համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն ու Թուրքիան ամենաապակայունացնող գործոնն են եղել այս ամբողջ իրադրությունում: «Թուրքիան արդյունավետ կերպով արտահանում է իր ազդեցությունը և իրականացնում ապակայունացնող քաղաքականություն, ինչին մենք ականատես ենք եղել Թուրքիայի ամբողջ հարևանությամբ` Արևելյան Միջերկրականից մինչև Մերձավոր Արևելք: Նրանք, ըստ էության, այդ ապակայունացումն արտահանում են Հարավային Կովկասի տարածաշրջան: Մենք դա չենք ողջունում և մենք դա միանգամայն մերժում ենք», - հայտարարել է նա:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Հայաստանին սպառազինություն մատակարարմանն առնչվող հարցին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանն անում է ամեն ինչ, որպեսզի լիովին ապահովված լինի իրեն պաշտպանելու բոլոր կարողություններով: «Հայաստանն Արցախի անվտանգության միակ երաշխավորն է: Եվ մենք աշխատում ենք տարբեր գործընկերների հետ: Մենք աշխատում ենք բազմաթիվ միջազգային գործընկերների հետ` Հայաստանի պաշտպանության համար բավարար կարողություններով ապահովելու նպատակով: Եվ ուղղակի անհեթեթ է լսել այդպիսի մեղադրանքներ Ադրբեջանի կողմից, որը միլիարդներ է ծախսում զինվելու համար` ի ցույց դնելով այս հակամարտությունը ռազմական միջոցներով լուծելու իր մտադրությունը:
Ինչ վերաբերում է այս հակամարտությունում թուրքական միջամտության հնարավորությանը, ապա
Զոհրաբ Մնացականյանը դա համարում է ավելի մեծ ռիսկ, որը լիակատար աղետ կլինի ամբողջ տարածաշրջանի համար եւ դա ողջունելի չէ այս տարածաշրջանում: «Այդ դեպքում մեզ ոչինչ չի մնա, քան դեմ առ դեմ պայքարել թշնամու դեմ: Եթե նրանք այդպես վարվեն», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։
Պատասխանելով այն հարցին, թե այդ համատեքստում որքանով է Հայաստանը ապավինում Ռուսաստանին, նախարարն ասել է. «Հայաստանն ապավինում է Ռուսաստանին, ապավինում է իր մյուս բոլոր գործընկերներին, որոնց հետ համագործակցում է պաշտպանական առումով։ Հայաստանն աշխատում է շատ այլ գործընկերների հետ։ Եվ նրանք պետք է հիշեցնեն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն ընթանում է միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահության շրջանակներում, որը բաղկացած է Ռուսաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից։ Եվ այս երկրներից յուրաքանչյուրն ունի շատ կարևոր դերակատարություն՝ զսպելու ցանկացած լարվածության աճ, իրավիճակի ցանկացած վատթարացում։ Եվ մենք շատ սերտորեն աշխատում ենք մեր բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ մասնավորապես, համանախագահող երկրների հետ»։
«Դեռևս 2018թ․ ամուր վճռականությամբ մենք ներգրավվել ենք բանակցային գործընթացում։ Այնուամենայնիվ, այն, ինչին շարունակում ենք բախվել Ադրբեջանի կողմից, վերջինիս առավելապաշտական դիրքորոշումն է, որում Արցախի և Հայաստանի շահերը և անվտանգության խնդիրները հիմնովին մերժվում են», - ամփոփել է Զոհրաբ Մնացականյանը: