Արմինֆո.- Turan: Իսրայելի Israel Aerospace Industries (IAI) պետական ընկերությունը, որը ավիատիեզերական եւ ավիացիոն սարքավորումների խոշորագույն արտադրողն է, 155 մլն դոլար է փոխանցել Jet field Networks եւ Lark stone երկու ընկերություններին, որոնք կապված են եղել Ադրբեջանի կառավարության համար փողերի լայնածավալ լվացման հետ՝ համաձայն 2012-2014 թվականների բանկային հաշվետվությունների։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական Turan գործակալությունը։
Վճարումների պատճառը պարզ չէ, հաղորդում է իսրայելական "Հաարեց" թերթը ՝ վկայակոչելով Շոմրիմի անվան ԶԼՄ-ների եւ ժողովրդավարության կենտրոնի հաշվետվությունը:
Այս պատմությունը ի հայտ է եկել հազարավոր բանկային փաստաթղթերի արտահոսքից հետո, որոնք հայտնվել են Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի ձեռքում։
Հետաքննությունը ցույց է տալիս, որ դրամական փոխանցումները սկսվել են այն բանից հետո, երբ IAI-ն Ադրբեջանի հետ կնքել է իր պատմության մեջ ամենախոշոր զենքի գործարքներից մեկը՝ 1,6 մլրդ դոլար գումարի: Իսրայելական եւ միջազգային ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն ՝ գործարքը ներառել է անօդաչու թռչող սարքերի եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերի վաճառք:
Այդ վճարումները տեղ են գտել Deutsche Bank-ի ավելի քան տասնյակ հաշվետվություններում՝ ներկայացված ԱՄՆ ֆինանսների նախարարության ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանմանը։
Զեկույցում ընդգծվում է, որ փաստաթղթում նշված անձը կամ ընկերությունը որեւէ անօրինական բան են արել։ Այդ գործառնությունները կարող են լինել միանգամայն օրինական գործարար ակտիվության մի մասը, բայց կասկածներ են առաջացրել ֆինանսական հաստատությունում:
2012 թվականի փետրվարի սկզբին իսրայելական եւ միջազգային լրատվամիջոցները հաղորդել էին իսրայելական ընկերության եւ Ադրբեջանի կառավարության միջեւ մեծ պայմանագրի ստորագրման մասին, որի մանրամասները, հիմնականում, փակ էին հանրության համար:
Իսրայելը նավթ է գնում Ադրբեջանից, իսկ ադրբեջանցիները զենք ու գյուղատնտեսական տեխնիկա են գնում Իսրայելից։ Իսրայելի կառավարությունը Ադրբեջանին մեծ ռազմավարական նշանակություն է տալիս Իրանի հետ նրա երկար սահմանի պատճառով։ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները խոչընդոտ չեն հանդիսանում կապերի հաստատման համար, նշում է թերթը: