Արմինֆո. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը զբաղվում է Ադրբեջանի տարածքում հայտնված Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանի հետ կապված մանրամասների պարզաբանմամբ:
Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Արթուր Գևորգյանը։ "Մենք այժմ զբաղված ենք այդ հարցի ուսումնասիրությամբ, ուստի առայժմ ձեռնպահ կմնանք այդ մասին պաշտոնական հայտարարությունից", - ընդգծել է Գեւորգյանը:
Իր հերթին՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայղորդել է, որ մշտական կապի մեջ է Սարդարյանի ընտանիքի հետ: Նրա ընտանիքի անդամները կասկածում են, որ Նարեկը մոլորվել է և պատահաբար հատել սահմանը։
Նշենք, որ Նարեկ Սարդարյանը անասուններ է տարել սահմանամերձ արոոտավայր։ Նրա հարազատները չեն հավատում, որ նա ինքնակամ է անցել ադրբեջանական կողմ։ Մինչդեռ, ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել են, թե Նարեկ Սարդարյանն, իբր, հատել է Նախիջևանի սահմանը և քաղաքական ապաստան խնդրել Ադրբեջանում: