Արմինֆո. Բաքվի ագրեսիվ գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են նաև այսօր, ինչը ևս մեկ անգամ ի ցույց է դնում Ադրբեջանի ռազմատենչ տրամադրությունները։ Այդ մասին խորհրդարանի հատուկ նիստի ժամանակ հայտարարել է "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։
Նա նշել է, որ Հայաստանի համապատասխան գերատեսչությունները հստակ եւ սպառիչ գնահատական են տվել Ադրբեջանի գործողություններին, սակայն պատգամավորը որոշել է անդրադառնալ այդ հարցի վերաբերյալ Թուրքիայի արձագանքին: "Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անվերապահ աջակցություն է հայտնել Ադրբեջանին, եւ, փաստորեն, պաշտպանել Է Բաքվի ագրեսիվ գործողությունները: Դա նշանակում է, որ Թուրքիան, որն իրեն ղարաբաղյան հակամարտության հարցում համարում է կողմերից մեկը, եւս մեկ անգամ հաստատում է, որ Անկարան չի կարող որեւէ միջազգային դեր խաղալ՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ",-ընդգծել է Ռուբինյանը։
Ռուբինյանն անդրադարձել է նաև թուրքական մամուլում տարածված հարցազրույցին, որտեղ Թուրքիայի ԱԳՆ-ն Հայաստանին կոչ է անում սթափվել։ "Ցանկանում եմ նշել, որ այդ մենք պետք է կոչ անենք Թուրքիայի իշխանություններին սթափվել և ուշքի գալ, որից հետո խելքի բերել իրենց ադրբեջանցի գործընկերներին։ Եթե վերջիններս չդադարեցնեն անօրինական գործողություններ իրականացնել սահմանին, նրանց արագ ուշքի կբերեն մեր զինված ուժերը։ Մարդկանց ուշքի բերելը, ինչպես ցույց տվեց երեկվա ու այսօրվա փորձը, մեր զինված ուժերի մոտ շատ լավ է ստացվում ", - եզրափակել է Ռուբինյանը։