Արմինֆո. Ծրագրից բացի, մեր ձևավորած <Ազգային-դեմոկրատական բևեռը> արդեն նախանշել է դրան հասնելու ուղիները ։ Այս փուլում մենք մտադիր ենք ճնշում գործադրել իշխող ուժի վրա, որպեսզի վերջինս ստանձնի այդ ծրագրի իրականացման պատասխանատվությունը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Սասնա ծռեր> համահայկական շարժման ղեկավար-անդամ Վարուժան Ավետիսյանը ։
<Մենք իշխող ուժից ակնկալում ենք առողջ ուժերի և գործիչների համախմբում, հակաճգնաժամային կառավարության ստեղծում և մեր ծրագրի իրականացում ՝ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու նպատակով։ Չենք բացառում, որ ապագայում այլ մոտեցում որդեգրվի։ Հատուկ ընդգծեմ, որ մենք գտնվում ենք հինգերորդ շարասյան մաս կազմող ուժերի ու գործիչների հետ միանգամայն տարբեր, ճիշտ հակառակ ճամբարներում>, - հայտարարել է քաղաքական գործիչը ։
Մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումները ՝ Ավետիսյանը <Բարգավաճ Հայաստանին> դասել է նախկինում պետության զավթմանը մասնակցած հանցավոր կազմակերպությունների շարքին ։ Նրա կարծիքով ՝ այս խմբավորման նկատմամբ այսօրվա գործընթացն իրականացվում է կիսատ-պռատ,և դրա համար լուրջ արդյունքների չի հանգեցնի, և ծառայելու է ներիշխանական նպատակներին, և ոչ՝ պետությունը այս ճգնաժամից հանելու իրական նպատակին։
Մոսկվային ուղղված Ծառուկյանի օգնության կոչերը Ավետիսյանը բնութագրում է՝ որպես ազգային դավաճանություն ։ Ընդ որում, նա կարծում է, որ Ծառուկյանն արտաքին ուժերին Հայաստանի ներքին գործընթացներում ներքաշելու իր ձգտումներում ամենևին մենակ չէ։ Նրա գնահատմամբ ՝ դրանով է այսօր զբաղված դավաճանների ամբողջ հինգերորդ շարասյունը ՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արթուր Վանեցյանի և այլն: Այս առումով Ավետիսյանը համոզված է, որ այդ բոլոր մարդիկ պետք է գտնվեն ոչ թե քաղաքական դաշտում, այլ՝ ամբաստանյալների աթոռին:
<Մենք պետք է հաշվի առնենք, որ Խորհրդային միության լուծարումից հետո ԿԳԲ կոչվող համակարգը անմիջապես քայլեր է ձեռնարկել նախկին հանրապետություններում իր մարդկանց իշխանության բերելու և հնարավորինս ամուր պորտալարերով այդ հանրապետությունները արդեն կիսագաղութային ձևաչափով իրեն կապած պահելու նպատակով։ Դա է նաև պատճառը, որ Արցախի միացման մոտեցումը հանկարծ փոխվեց Արցախի կեղծ անկախությամբ։ Հայաստանի նկատմամբ վերջնական կլանման ռազմավարություն է մշակվել, որն սկսել է կյանքի կոչվել 2000-ականների սկզբից։ Այն վերջնական փուլ մտավ ԵԱՏՄ-ի ձևավորմամբ։ Այսօր Հայաստանում արհեստականորեն քաոս է ստեղծվում, և բոլոր այդ սպառնալիքներին դիմակայելու գործող իշխանությունների անկարողությունն իրականություն են հաղորդում նրանց մտադրություններին>,- ամփոփել է քաղաքական գորշիչը։