Արմինֆո. Դատաիրավական համակարգի բարեփոխումներին ուղղված խորհրդարանական մեծամասնության բոլոր գործողություններն ընդդիմության կողմից որակվում են որպես ոչ իրավաչափ քայլեր։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել "Իմ քայլը" խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ այն բանից հետո, երբ ԱԺ-ում մեծամասնությունը կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխություններին, որոնք նպատակաուղղված են Սահմանադրական դատարանի բարեփոխմանը:
Նրա խոսքով, երբ իշխանությունն առաջարկեց սահմանադրական հանրաքվե անցկացնել, ընդդիմության արձագանքները նույնն էին։ "Այն ժամանակ ընդդիմությունը նշում էր, որ լավագույն տարբերակը խորհրդարանում այդ հարցի քննարկումն է լինելու՝ այն հանրաքվեի չդնելով։ Այսօր նրանք հակառակի մասին են խոսում։ Ես շատ ուրախ կլինեի, որ ընդդիմության այն ներկայացուցիչները, որոնք ժամանակին արտահայտեցին այդ տեսակետը, այսօր ներկա գտնվեին նիստին եւ քվեարկեին", - ընդգծել է Մակունցը։
Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե այդպիսով իշխանությունն իրականացնում է սահմանադրական հեղաշրջում, Մակունցը հայտարարել է. " Սահմանադրության, օրենսդրության եւ Ազգային ժողովի կանոնակարգի մեջ հստակ ամրագրված են այն լիազորությունները, որոնք իրավունք ունեն իրականացնել խորհրդարանի պատգամավորները։ Այդ լիազորություններից դուրս մենք որևէ գործողություն չենք իրականացնում", - եզրափակել է պատգամավորը։ Նշենք, որ Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Փոփոխությունների համաձայն, պետք է դադարեցվեն Սահմանադրական դատարանի այն դատավորների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են ավելի քան 12 տարի։ Այն բանից հետո, երբ դատավորների թափուր պաշտոնները զբաղեցվեն, տեղի կունենան ՍԴ նոր ղեկավարի ընտրություններ։ Այսօր երեկոյան խորհրդարանը պետք է երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունի փաստաթուղթը։