Արմինֆո. "Խոսելով այն մասին, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա, պետք է պարզաբանել, թե որն է այն։ Եթե դատավորներին ընտրել են հին սահմանադրությամբ, դա դեռ չի նշանակում, որ ՍԴ-ն լեգիտիմ չէ և այն պետք է լուծարել"։ Մայիսի 21-ին Սահմանադրական դատարանում ճգնաժամի թեմայով խորհրդարանական քննարկումների ժամանակ նման կարծիք է հայտնել "Լուսավոր Հայաստան" խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։
Պատգամավորը հայտարարել է, որ ՀՀ սահմանադրությունը 3 անգամ փոխվել է, և փաստաթղթերից յուրաքանչյուրը տարբեր մոտեցումներ է ունեցել ՍԴ դատավորների գործունեության վերաբերյալ։ "Դա ոչինչ չի նշանակում, եւ մեր խմբակցությունը նշել է, որ նման հարցը հանրաքվեի դնել անօրինական է", - ընդգծել է Կոստանյանը։
Նա նշել է, որ հանրաքվեի դնելու համար, նախ, չեն անցկացվել անհրաժեշտ բոլոր նախնական ընթացակարգերը։ Մասնավորապես, խորհրդարանն այդ հարցով չի դիմել Սահմանադրական դատարան։ "Ինձ թվում է, որ իշխանությունները, հնարավոր է, վախենում են հանրաքվեի տապալումից, ուստի մտադիր են այդ նախաձեռնությունը անցկացնել խորհրդարանի միջոցով: Բայց տվյալ դեպքում մենք կարող ենք խախտել իշխանության ճյուղերի՝ օրենսդիր, դատական եւ գործադիր տարանջատման սկզբունքը", - եզրափակել է Կոստանյանը:
Մինչդեռ, իշխող "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի կարծիքով, Սահմանադրական դատարանի ճգնաժամը կարելի է լուծել Սահմանադրության փոփոխությունների միջոցով: Նա նշել է, որ իշխանությունը, որը Սահմանադրական դատարանի դատավորներին օժտել է իրենց լիազորություններով, այլևս չկա: "Ավելի ժողովրդավարական լուծում, բացի հանրաքվեից, նույնպես գոյություն չունի։ Ժողովուրդն ինքը կարող է արտահայտել իր կամքը։ Բայց երբ պարզվեց, որ ստեղծված պայմաններում հնարավոր չէ հանրաքվե անցկացնել, մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով։ Քանի որ հարցը կարելի է լուծել երկրի խորհրդարանում, մենք որոշեցինք ուսումնասիրել միջազգային փորձը։ Պետք էր հասկանալ, թե այդ բոլոր տարբերակներից որն է մեզ համար առավել ըննդունելի", - նշել է Հովակիմյանը։
Պարզաբանելով հարցը' ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Սահմանադրական դատարանի ճգնաժամի հարցով դիմել է Վենետիկի հանձնաժողով: "Այն բանից հետո, երբ մենք ստանանք հանձնաժողովի եզրակացությունը, կկարողանանք որոշել, թե ինչպես պետք է մենք հետագայում վարվենք այդ հարցի առնչությամբ։ Չի բացառվում այդ հարցն անմիջապես խորհրդարանում դիտարկելու հնարավորությունը", - ընդգծել է պատգամավորը ։ Նա անդրադարձել է նաև Գերագույն դատարանի ստեղծման հնարավորությանը, ընդգծելով, որ այդ հարցով զբաղվում է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը։
Մինչդեռ, վերջերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղորդել է, որ սահմանադրական հանձնաժողովի կողմից քննարկվում է Սահմանադրական դատարանի ինստիտուտի հնարավոր լուծարման հարցը։ Վարչապետը նշել է, որ քննարկվում Է Գերագույն դատարանի ստեղծման հարցը ։ "Նման պրակտիկան բավական տարածված է շատ երկրներում։ Բանն այն է, որ այսօր Սահմանադրական դատարանն ու դատական համակարգը փաստացի իրար հետ կապ չունեն։ Դրա հետ կապված՝ մի շարք խնդիրներ են առաջանում", - նշել է Փաշինյանը։ Նա հայտարարել է, որ եթե հաջորդ տարեվերջին ակնհայտ դառնա, որ դատական համակարգում հատուկ փոփոխություններ տեղի չեն ունենում, ապա այդ ոլորտում արմատական բարեփոխումներ կիրականացվեն:
Նշենք, որ փետրվարի 6-ին Ազգային ժողովը որոշում էր կայացրել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին: Խոսքը Սահմանադրական դատարանի լուծարումը ենթադրող Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու մասին էր։ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նշանակվել է այս տարվա ապրիլի 5-ին։ Սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն ստիպված էին չեղարկել։