Արմինֆո.Հայկական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի նախարար Հայկո Մաասի հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայույունը, Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակին և վերջինիս դեմ պայքարի շրջանակներում ազգային մակարդակներում իրականացվող ծրագրերին: Այդ համատեքստում Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր գերմանացի գործընկերոջը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից համավարակի հետագա տարածման կանխարգելման և բնականոն կյանքի աստիճանաբար վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Երկուստեք կարևորվել է համավարակով պայմանավորված սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման և վերականգնման ծրագրերի կարևորությունը՝ տնտեսական ճգնաժամը կանխելու և միջազգային համագործակցության համատեքստում: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն արժևորել է գերմանական կողմի նախաձեռնությունը՝ սատարելու Հայաստանի հետ փորձի փոխանակմամբ:
Զրուցակիցները հանգամանալից մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգային հարցերի, բազմակողմ հարթակներում երկու պետությունների միջև արդյունավետ համագործակցության շուրջ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է իր պատրաստակամությունը ձեռնարկելու գործնական քայլեր երկկողմ օրակարգի ընդգրկունության, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական և այլ ոլորտներում երկխոսության դինամիկայի պահպանման և խորացման ուղղությամբ:
Հայաստան-Եվրամիություն գործընկերության համատեքստում արտգործնախարարներն անդրադարձել են ԵՄ-ում Գերմանիայի նախագահությանը: Նախարար Մնացականյանն առանձնահատուկ կարևորել է Արևելյան գործընկերության հարթակը ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ գործընկերության խորացման, ինչպես նաև ազգային մակարդակով իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման առումով: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շեշտել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների իրականացումն անգամ համավարակով պայմանավորված բարդ ժամանակահատվածում:
Զոհրաբ Մնացականյանը և Հայկո Մաասն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող ղարաբաղյան խաղաղ գործընթացի վերաբերյալ հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումները և կարևորել առողջապահական գլոբալ ճգնաժամի ժամանակաշրջանում հրադադարի խստիվ պահպանումը:
Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի գլոբալ հրադադարի կոչին հետևելու անհրաժեշտությունը: