Արմինֆո.Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։
Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, իր նամակում Էրդողանը ցավակցություն է հայտնել "Առաջին համաշխարհային պատերազմի սարսափելի պայմաններում զոհված Օսմանյան պետության հայերի ժառանգներին":
"Բարձրյալից խնդրում եմ, որ վաղվա օրվան հասնենք իրար ավելի մոտ, միասնականության ու միության զգացումներով ավելի տոգորված։ Աշխարհի ժողովուրդներին մեծ ցավ պատճառած առաջին աշխարհամարտի ծանր պայմաններում մահացած օսմանցի հայերին հարգանքով հիշում եմ և նրանց թոռներին հղում իմ անկեղծ ցավակցությունները։ Այդ ժամանակահատվածում մահացած օսմանյան բոլոր քաղաքացիների համար ալլահի ողորմածությունն եմ հայցում։ Ոչ մի դեպքում թույլ չենք տվել և թույլ չենք տալու օտարացնել մեր որևէ մի քաղաքացու, հավատքի կամ ինքնության պատճառով վատ վերաբերմունքի արժանացնել։ Մեր բոլորի ընդհանուր նպատակն է անցյալից միայն բարեկամության ու մարդկային բարձրագույն իդեալի համար ուժ առնել և ապագա կառուցել միասին։ Բոլորիս համար ակնհայտ են այն շրջանակները, որոնք, անտեսելով Անատոլիայի խորքից ծնված մեր միասնականությունը, ցանկանում են պատմությունից թշնամություն բխեցնել։ Մեր ամենակարևոր ցանկությունն այն է, որ այլ նպատակներ հետապնդող շրջանակներին հնարավորություն չտանք, մանավանդ որ մենք միասնությամբ, բարեկեցությամբ ու խաղաղությամբ լեցուն ապագա ենք ցանկանում կառուցել", - ասվում է Թուրքիայի նախագահի նամակում:
Նշենք, որ Թուրքիան մինչ օրս հրաժարվում է ճանաչել 105 տարի առաջ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը։ Ավելին, այդ երկրի իշխանությունները բոլոր մակարդակներում շարունակում են ժխտողական քաղաքականությունը, հավաստիացնելով, թե Թուրքիայի տարածքում հայ բնակչության նպատակաուղղված և կանխամտածված բնաջնջում չի եղել: