Արմինֆո.<Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին> օրենքի կիրառումը Հայաստանում իրականացվելու է փուլ առ փուլ։ Երկրի խորհրդարանը ապրիլի 16-ի լիագումար նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է <Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին> օրենքի նախագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով ՝ անցումային շրջանում նախատեսվում է իրականացնել դատավորների, դատախազների, հատուկ ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստման միջոցառումներ: Ընդ որում, մի շարք պաշտոններում մրցույթներ են անցկացվելու ։ Մասնավորապես, նախատեսվում է մրցույթներ անցկացնել գլխավոր դատախազի տեղակալի և հատուկ ստորաբաժանումների ղեկավարների համար ։
Նախարարն ընդգծել է, որ օրինագիծը նախատեսում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում, եթե դրա արժեքը գերազանցում է 50 մլն դրամը: Փաստաթուղթը թույլ է տալիս գույքի բռնագանձումը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում եկամտի օրինական աղբյուրներով ՝ նախագծով նախատեսված ծավալներով։ Նման գույքի նկատմամբ գործում է ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը կարող է հերքվել պատասխանողի կողմից ՝ գույքի ձեռքբերումը հիմնավորող ապացույցների ներկայացմամբ: Խոսքը միայն քաղաքական գործիչների եւ գործարարների չհաշվառված գույքի մասին է ։ Նախարարի խոսքով ՝ ունեցվածքի անօրինականության ապացուցման բեռը պետության վրա է ։ Այսինքն՝ ոչ թե պաշտոնյան պետք է ապացուցի իր անմեղությունը, այլ պետությունը ՝ նրա մեղավորությունը ։ Ուսումնասիրության ենթակա են 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռքբերված գույքերը: Ռուստամ Բադասյանը նշել է, որ հիմնականում քննության է ենթարկվելու վերջին տաս տարում ձեռքբերված գույքերի օրինականությունը: Գլխավոր դատախազության կազմում գործելու է նոր իրավասու մարմին, որը թույլ կտա ակտիվների ուսումնասիրություն իրականացնել եւ պետության օգտին բռնագանձել անհիմն հարստացված գույքը:
Ավելի վաղ նախարարը նշել էր, որ ապօրինի ծագում ունեցող գույքի հետ կապված գործերի քննությունը կարելի է բաժանել երեք փուլի։ Առաջին փուլում, ինչպես նշել է նախարարը, իրավասու մարմինը հավաքում է պոտենցիալ ապօրինի գույքի մասին ողջ տեղեկատվությունը, և դրա ծագման օրինականության հաստատման դեպքում դադարեցնում է ուսումնասիրությունը: Հակառակ դեպքում, իրավասու մարմինը դիմում է դատարան՝ գույքի բռնագրավման վարույթ հարուցելու միջնորդությամբ: Երկրորդ փուլում իրավասու մարմինը հավաքում է բոլոր շահագրգիռ կողմերին՝ հավաքված նյութերը ներկայացնելու նպատակով, ինչը, նախարարի կարծիքով, հնարավորություն կտա վարույթն ավարտել մինչեւ դատարան դիմելը, եթե ձեռք բերված գույքի իսկությունն օրինական ճանապարհով ապացուցվի: Եվ, վերջապես, երրորդ, եզրափակիչ փուլը հենց դատաքննությունն է, որը տեղի կունենա Քաղաքացիական դատավարության կարգով ։ Որպես լիազոր մարմին՝ հանդես է գալու Գլխավոր դատախազությունը ։ Յուրաքանչյուր կոնկրետ դեպքի վերաբերյալ ստուգումներ անցկացնելու համար վերջինիս կհատկացվի մինչեւ երեք տարի ժամկետ։ Հայց ներկայացնելու համար հիմք կարող են լինել որոշակի գործողություններ կամ քաղաքացու կարգավիճակ: Օրինակ՝ անձին մեղադրյալ ներգրավելը հանցավոր խմբավորումներում մասնակցության, զենքի եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների կատարման առնչությամբ և եթե դրան զուգահեռ առկա են ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության մասին կասկածներ: Պաշտոնատար անձանց դեպքում ուսումնասիրություն հնարավոր կլինի նախաձեռնել նաև օպերատիվ հետախուզական տեղեկությունների հիման վրա։