Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսել է բանակում կադրային փոփոխությունների պատճառների եւ առաջնագծում տիրող իրավիճակի մասին:
Մարտի 5-ին սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-րդ տարեդարձի առթիվ "Եռաբլուր" զինվորական պանթեոն կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով զինված ուժերում տեղի ունեցող վերադասավորումներին՝ Տոնոյանը նշել է, որ զինված ուժերում կադրային փոփոխությունները միտված են որակական բարեփոխումների և պետության ռազմական կարողությունների մեծացմանը:
Ընդ որում, նա վստահեցրել է, որ կձեռնարկվեն բոլոր ջանքերը, որպեսզի առաջադրված խնդիրները հասնեն իրենց նպատակին։
Խոսելով առաջնագծում տիրող իրավիճակի մասին ՝ Տոնոյանն ընդգծել է, որ իրավիճակը վերահսկելի է և համեմատաբար կայուն։
Հիշեցնենք, որ տարեսկզբից հայոց բանակում արձանագրվել են 13 զինծառայողների մահվան դեպքեր, ընդ որում՝ բոլորը չպարզված հանգամանքներում ։ Այդ դեպքերից 4-ի մասով քրեական գործեր են հարուցվել "ինքնասպանություն" կամ "ինքնասպանության հասցնելը" հոդվածով։ Ողբերգական միջադեպերը հասարակական լայն արձագանք են առաջացրել։ ՀՀ վարչապետը խորհրդակցություն է հրավիրել ՝ հանձնարարելով պարզել իրավիճակը։ Դրանից հետո պաշտոնանկ են արվել ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը և ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը։ Պաշտոնից զրկվել է նաև Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը ։