Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վիճահարույց է համարում Ազգային ժողովի կողմից ընդունված բանկային գաղտնիքի բացահայտմանն առնչվող փոփոխությունների իրավական հիմնավորումները եւ դիմել է Սահմանադրական դատարան՝ խնդրելով քննարկել դրանց համապատասխանությունը երկրի Սահմանադրությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Խոսքը վերաբերում է 2020թ. հունվարի 22-ին ԱԺ կողմից ընդունված և հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներին:
Մասնավորապես, նախատեսվում է ապահովել բանկային տվյալների հասանելիությունը կոռուպցիայի մեջ կասկածվող անձանց նկատմամբ քննչական միջոցառումներ իրականացնելիս։ Ինչպես նշել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պետք է հասանելի լինեն ոչ միայն կասկածյալի, այլեւ նրա ընտանիքի անդամների եւ փոխկապակցված անձանց տվյալները: Սակայն, այդ հասանելիության ապահովումը կարող է ձեռք բերվել բացառապես ծանրակշիռ փաստարկների առկայության դեպքում: Կոնկրետ անձի բանկային գաղտնիքի բացահայտման մասին վերջնական որոշումը դատարանը կայացնում է քննիչի եւ դատախազի միջնորդության հիման վրա, որի վարույթում գտնվում է գործը: Ընդ որում, պետք է լինի նաեւ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի համաձայնությունը։
Նախարարի կարծիքով, փաթեթը ոչ միայն ապահովում է բանկային համակարգի անկախությունը, այլեւ այն բարձրացնում է որակապես նոր մակարդակի: Գործադիր մարմնի առաջարկը բխում է նաև Հայաստանի միջազգային պարտավորություններից, այդ թվում ՝ Ստամբուլի կոռուպցիայի դեմ պայքարի գործողությունների ծրագրի մոնիտորինգի 3-րդ և 4-րդ փուլի մեթոդաբանությունից և MONEYVAL-ի առաջարկություններից: