Արմինֆո. <Արցախյան հակամարտության բանակցային փուլն ինձ մոտ մտահոգություններ է առաջացնում, սակայն ցանկացած, անգամ վատ բանակցությունը գերադասելի է պատերազմից>,- ԵԺԿ համագումարի ընթացքում իր ելույթում ասել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
<Որպես մարդ, ով անձամբ մասնակցել է Արցախի ինքնապաշտպանության գործընթացին, ես շատ լավ գիտեմ խաղաղության արժեքը: Այս տեսակետից ցանկացած` անգամ վատ բանակցությունը գերադասելի է պատերազմից: Շատ կարևոր է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը շարունակեն ստանալ միջազգային հանրության անվերապահ աջակցությունը: Ցավոք, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում զինվել և սպառնալ Արցախին և Հայաստանին: Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն իմ այս ուղերձը` Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և այս խնդիրը չունի ռազմական լուծում»,- ասել է Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցությանը ՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հարաբերությունները զարգանում են իր ղեկավարության շրջանում դրված հիմքերի վրա:
Իր ելույթում երրորդ նախագահը դիմել է ԵՄ երկրների ներկայացուցիչներին ՝ կոչ անելով նրանց հնարավորինս արագ ավարտել 2017 թվականի նոյեմբերին Երեւանի եւ Բրյուսելի միջեւ ստորագրված շրջանակային համաձայնագրի վավերացումը (CEPA):