Արմինֆո. Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, մեծ հաշվով, ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը ոչինչ չեն լուծում ։ Ամեն ինչ որոշում է Ռուսաստանը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն։
"Այս լույսի ներքո՝ մեր արտգործնախարարների հերթական հանդիպման կայանալ կամ չկայանալը, լավագույն դեպքում, երկրորդական կարևորության հարց է։ Հասկանալի է, որ եթե պատերազմ չի ընթանում, ապա պետք է բանակցեն։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է հակամարտության սրման հնարավորության մասին՝ նկատի ունենալով Ղարաբաղի՝ Հայաստանին պատկանելության մասին Հայաստանի վարչապետ Փաշինյանի վերջերս արած հայտարարությունը։ Սակայն, իմ կարծիքով, իրականում նման էսկալացիայի մասին որոշումը կարող է ընդունել միայն Մոսկվան", - կարծում է նա։
Սակայն, հաշվի առնելով Մոսկվայի հետ հարաբերություններն ամրապնդելու Երևանի ակնհայտ ջանքերը, Ռուսաստանը հակամարտության նոր սրման համար ակնհայտ պատճառներ, ըստ Ալիզադեի, չունի։ Այս լույսի ներքո՝ նա կարծում է, որ բանակցությունները շարունակվելու են։
Օգոստոսի 29-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողներին հայտնեց ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ նախապատրաստվող հանդիպման մասին: Նրա խոսքով՝ հանդիպումը նախատեսվում է անցկացնել մոտ ժամանակներս։ Հանդիպման կոնկրետ ժամկետները հստակեցման փուլում են ։
Ալիզադեի գնահատմամբ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը պայմանավորված է Ադրբեջանից ետ վերցրած շրջանների կարգավիճակի լեգիտիմացման համար Հայաստանի ռեսուրսների բացակայությամբ: Քաղաքագետը համոզված է, որ այսօր դա արդեն հասկանում են բոլորը, այդ թվում՝ հենց հայերը: Մյուս կողմից, Ադրբեջանն իր հերթին Հայաստանի դեմ պատերազմում հաղթելու ռեսուրս և հնարավորություն չունի։ Այս լույսի ներքո՝ քաղաքագետը անիմաստ բանակցությունների շարունակություն է կանխատեսում այնքան ժամանակ, քանի դեռ դա ձեռնտու կլինի Մոսկվային։
1992 թվականից ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ներկայացրնում են համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ եւ Ֆրանսիան: Ներկայում կարգավորման գործընթացն անվանապես տեղի է ունենում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2007 թվականին Մադրիդում առաջադրված եւ 2009 թվականին նորացված "մադրիդյան սկզբունքների" հիման վրա: