Արմինֆո.Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբայրը՝ 1976 թվին ծնված Ռոբերտ Մանուկյանը: Նա եղել է "Ռեյնջ Ռովեր" մակնիշի ավտոմեքենայի ղեկին, որը օգոստոսի 2-ին փորձել են պայթեցնել Երեւան-Սեւան մայրուղում
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Աբովյան քաղաքի բնակչին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ՙԱվելի վաղ տեղեկացրել էինք, որ 2019 թվականի օգոստոսի 2-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, հանցագործության հետքեր պարունակող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու նպատակով, զննության ընթացքում չենթարկվելով դեպքի վայրի պահպանություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցների՝ մեքենան չնստելու և այն չտեղաշարժելու վերաբերյալ օրինական պահանջներին, նստել էր վերոնշյալ մեքենան և այն վարելով ոստիկանի ուղղությամբ` դուրս բերել դեպքի վայրից ու դիմել փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում պարզվել էր ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Աբովյան քաղաքի բնակիչ՝ ծնված 1976 թվականին: Ձեռնարկված մի շարք անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական, ինչպես նաև՝ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում վերջինս հայտնաբերվել էր և ձերբակալվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու կասկածանքով: Հայտնաբերվել էր նաև «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է՚, - ասվում է ՔԿ հաղորդագրությունում:
Նույն աղբյուրի համաձայն, ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քննվող քրեական գործով կալանավորվել է ևս երեք անձ՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու մեղադրանքով:
ՔԿ հաղորդագրության հաամձայն, Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ, որը 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, պայթեցվել էր՝ Մ.Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ: ՙՁեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երեք անձանց՝ ծնված 1974թ., 1963 և 1966թթ.., մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, դեպքին հնարավոր մասնակցություն ունեցած այլ անձանց շրջանակը, նրանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ: Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար՚, - ասվում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում: