Արմինֆո. Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները հեռու են, նույնիսկ, սառը պատերազմի տարիներին ԱՄՆ և ԽՍՀՄ միջեւ հարաբերություններից: Երևւանում SputnikPro նախագծի շրջանակներում հայ գործընկերների հետ հանդիպման ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել է "Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ" ամսագրի գլխավոր խմբագիր, "Վալդայ" միջազգային բանավիճային ակումբի զարգացման և աջակցության հիմնադրամի գիտական աշխատանքների գծով տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը։
"Սառը պատերազմի տարիներին կար փոխադարձ հարգանք և միմյանց շատ լուրջ ընկալում։ Այսօր այդ հարգանքն ու ընկալումը չկան, ինչը շատ վտանգավոր է առկա վիթխարի անհավասարակշռության լույսի ներքո։ Այն, ինչ ինձ զարմացնում է ռուս-ամերիկյան ներկա օրակարգում, Ռուսաստանի կայացումն է ՝ որպես ամերիկյան քաղաքականության ներքին գործոն։ Բոլոր վերջին տարիներին մենք բոլորովին հակառակ միտում ենք նկատել", - ընդգծել է նա։
Դրա հետ մեկտեղ, Լուկյանովը նշել է Խորհրդային Միության փլուզումից հետո խաղի սեփական կանոնները դեռ երեկվա հակառակորդների վրա տարածելու՝ սառը պատերազմի հաղթողների փորձի լիակատար ձախողումը: Նրա գնահատմամբ՝ այս համատեքստում նշանակալի իրադարձություն է դարձել Brexit-ը։
Քաղաքագետը կարծում է, որ ինչպես ԱՄՆ ներսում, այնպես էլ նրա արտաքին քաղաքականության շուրջ բավականին արագ փոփոխությունների և փոխակերպումների լույսի ներքո այսօր արդեն կարելի է խոսել անցյալում նրանց գլոբալ էքսպանսիայի մասին:
Նրա գնահատականներով՝ "Ամերիկա՝ նախ և առաջ" կարգախոսը դեռ երկար է լինելու ամերիկյան քաղաքականության հիմնական լեյտմոտիվը։ Եվ նման պայմաններում, իհարկե, ավելի փոքր մասշտաբներով, անխուսափելիորեն պրոյեկտվելու է այլ պետությունների քաղաքականության վրա։ Քանի որ հենց Միացյալ Նահանգներն է շարունակում է տոն հաղորդել համաշխարհային քաղաքականությանը։
Ընդհանուր առմամբ, Լուկյանովը վերջին երեք տասնամյակները դիտարկում է որպես համաշխարհային կարգի նոր համակարգի թվացյալ ձեւավորման տարիներ: Նրա գնահատմամբ՝ այդ սպասումն ու զգացողությունն ունեցել են ինչպես ԱՄՆ-ն ու Եվրոպան, այնպես էլ Չինաստանը հետխորհրդային պետությունների հետ։ Այդուհանդերձ, սառը պատերազմի ավարտից հետո 30 տարի անց նոր համաշխարհային կարգը, ըստ նրա, այդպես էլ չի ձևավորվել։
"Այսօր աշխարհը շատ արագ է փոխվում։ Դեռևս երեկ անսասան թվացող կանոնները և նորմերը քանդվում են աչքի առջև, ինչի արդյունքում երեկվա սառը պատերազմի հաղթողներն այսօր ընտրության առաջ են կանգնել, թե՝ հիմա ինչ լինել և որ ուղղությամբ ընթանալ։ Եվ եթե նախկինում հենց նույն Եվրոպայում, օրինակ, համարվում էր, որ անորոշությունը Ռուսաստանի առանձնաշնորհն է, ապա այժմ սեփական ապագայի մասին որոշակիորեն խոսել ի վիճակի չեն հենց եվրոպացիները", - ամփոփել է Լուկյանովը։