Արմինֆո. Վարչական վարույթ է հարուցվել ՙԱդեկվատ՚ նախաձեռնող խմբի անդամների նկատմամբ, ովքեր փորձել են սադրանք կազմակերպել Եվրոպայի օրերի շրջանակում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում դասական համերգի ժամանակ։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ կազմվել է ակտը, բերման ենթարկված բոլոր անդամները ազատ են արձակվել։
Նշենք, որ մայիսի 21-ին Օպերայի և բալետի թատրոնում համերգի ժամանակ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի ողջույնի ելույթի ժամանակ վերը նշված խմբի անդամները ներխուժել են դահլիճ ՝ վանկարկելով ՙՍվիտալսկիՍիկ՚: Նրանց անմիջապես բերման են ենթարկել ոստիկանության բաժին։
Հիշեցնենք նաև, որ մայիսի 20-ին նույն խմբի մասնակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության շենքի դիմաց։ Օրեր առաջ էլ նրանք վիճել էին Երևանի ավագանու ՙԻմ քայլը՚ դաշինքի անդամ Արթուր Իսպիրյանի հետ, ինչի առնչությամբ, ինչպես Արմինֆո-ին հաղորդել է Ջանոյանը, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Խմբի կազմում են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին սատարող շարժման ակտիվիստ Նարեկ Սիմոնյանը, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի զինակից Արթուր Դանիելյանը եւ Blogbews պորտալի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը:
Հիշեցնենք, որ Սվիտալսկին իր հայտարարությամբ պաշտպանել է դատական համակարգում ՙվիրահատական բարեփոխումներին՚ նպատակաուղղված Հայաստանի նոր իշխանությունների գործողությունները:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ