Արմինֆո. Երեւանում հանդիսավորությամբ նշվել է Հաղթանակի օրը: Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 74-րդ տարեդարձին, Շուշիի ազատագրման և ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցել են երկրի բարձրագույն ղեկավարությունը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարները, ՀՀ և ՌԴ զինված ուժերի, Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ղեկավարությունը և շարքային քաղաքացիներ:
Հանդիսավոր միջոցառումը մեկնարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հավերժական կրակի մոտ ծաղկեպսակների զետեղմամբ: Այնուհետև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ մեր հաղթանակներն առանձնահատուկ են, քանի որ դրանք ազգային են, որին մասնակցել է ոչ միայն հայկական բանակը, այլև ողջ ժողովուրդը: ՙՄենք նույն բանի ականատեսն ենք եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Հայաստանից բանակ է մեկնել 300 հազար հայ, ողջ Խորհրդային Միությունից ՝ 600 հազար հայ, որոնցից շատերը չեն վերադարձել։ Բայց այդ հաղթանակին մասնակցել է ողջ հայ ժողովուրդը՚, - ասել է նա, հավելելով, որ նույնը տեղի է ունեցել նաև Արցախյան պատերազմի և 2016թ.ապրիլյան իրադարձությունների ժամանակ։ Սարգսյանի խոսքով՝ վտանգների պահին հայ ժողովուրդը համախմբվում է եւ հաղթանակի է հասնում։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքով՝ մայիսի 9-ին նշվում է Հաղթանակի և խաղաղության օրը: ՙՄենք բոլորս պետք է գիտակցենք, որ խաղաղությունը հաստատվում է մեր հաղթանակներով՚, - ասել է Տոնոյանը լրագրողներին: Իր հերթին, Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, մասնավորապես, ասել է. ՙԵս, անկեղծ ասած, նույնիսկ չէի սպասում, որ այստեղ այդ տոնը նշվում է նման հոգեւոր վերելքով, ինձ համար դա շատ հաճելի է, եւ ինձ համար դա եւս մեկ հաստատում է, որ մենք իսկապես մոտ ենք ոչ միայն պատմականորեն, ոչ միայն քաղաքականապես, տնտեսապես, այլեւ հոգեւոր առումով: Ես կարծում եմ, որ այս տոնը շատ կարեւոր է: Ես նկատի ունեմ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների համար, և երևի պատահական չէ, որ մեր պապերը կռվել են կողք կողքի մեր ապագայի համար։ Մենք գիտենք և գնահատում ենք, թե հայ ժողովուրդն ինչ մեծ ներդրում է ունեցել մեր ընդհանուր հաղթանակի հասնելու գործում: Ես օրվա ընթացքում Մայր Հայաստան թանգարանում էի և մեկ անգամ ևս ֆիզիկապես, էներգետիկորեն զգացել եմ, որ իսկապես հայ ժողովուրդը հերոսական ժողովուրդ է, որին ռուս ժողովուրդը կարող է ապավինել և՝ հակառակը: Ես դրանում համոզված եմ՚։
Ընդ որում, նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները պատմական նման լավ հիմք ունեն եւ շատ լավ դրական ներկա, եւ այսուհետ եւս հաջողությամբ կզարգանան ՝ փոխադարձաբար ուժեղացնելով մեր երկրները:
Երեւանում տեղի է ունեցել նաեւ ՙԱնմահ գնդի՚ երթ, որին մասնակցել են Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը եւ հազարավոր քաղաքացիներ: