Արմինֆո. Ակնհայտ է, որ որոշ ՙքաղաքական ուժեր՚ չունեն իրենց քաղաքական օրակարգը և փորձում են իրենց մասին հիշեցնել՝ սևացնելով կայացած քաղաքական ուժերին և դրանց ղեկավարներին։
Այդ մասին ապրիլի 30-ին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը՝ մեկնաբանելով ՙՔաղաքացու որոշում՚ կուսակցության՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու նախաձեռնությունը, քանի որ նա, շրջանցելով Սահմանադրությունը, զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։
Նա նշել է, որ նույնիսկ նման ցանկության առկայության դեպքում պետք է հաշվի նստել իրականության հետ։ ՙԳագիկ Ծառուկյանը բազմիցս նշել է, որ ինքը ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվում։ 2002 թվականից սկսած՝ Գագիկ Ծառուկյանի ողջ բիզնեսը հանձնվել է հավատարմագրային կառավարման։ Այսինքն՝ այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Եթե հանկարծ պահանջվի, ապա մենք կարող ենք տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք հաստատում են այդ փաստը՚, - ընդգծել է Տոնոյանը։
Նշենք, որ երեկ ՙՔաղաքացու որոշում՚ կուսակցությունը ՀՀ գլխավոր դատախազ Հարութ Դավթյանին եւ խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին դիմում էր ուղարկել, որով խնդրում էր քրեական հետապնդում սկսել ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Կուսակցության ներկայացուցիչները նշել են, որ ելնելով Ծառուկյանի մի շարք հայտարարություններից, ստացվում է, որ նա, չնայած պատգամավոր է, շարունակում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչը հակասում է օրենքին: Կուսակցության ներկայացուցիչները խնդրում են պարզաբանել այս գործը, ու, եթե այդ կասկածները հաստատվեն, Ծառուկյանին մանդատից զրկելու և գործը մանրամասն քննել։ ՙՀայաստանի Հանրապետությունում բիզնեսը պետք է տարանջատվի պետական համակարգից՚, - նշվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: