Արմինֆո.<Տարածքներ խաղաղության դիմաց> ձևակերպումից հետևում է, որ խաղաղությունը պետք է միայն հայերին և բացարձակապես պետք չէ ադրբեջանցիներին։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
<Դա, իհարկե, չի համապատասխանում իրականությանը։ Ընդ որում, Բաքուն այդ տարածքների դիմաց ոչինչ չի տալիս, բացի հայերի վրա հարձակվելու հռետորական խոստումից։ Հասկանալի է, որ նման կասկածելի հիմքի վրա հակամարտության կարգավորումը Հայաստանի և Արցախի հայերի համար անընդունելի է։ Բաքուն իր հերթին հրաժարվում է նույնիսկ քննարկել Արցախին իրավական կարգավիճակ տալու հարցը՝ նույն այդ տարածքների դիմաց։ Թեեւ կարգավորման հենց նման բանաձեւը կարող էր քննարկվել եւ նույնիսկ ինչ-որ հեռանկարներ ունենալ>, - ընդգծել է նա ։
Այդուհանդերձ, պետությունների ղեկավարների և արտգործնախարարների վերջին հանդիպումները, քաղաքագետի գնահատմամբ, ցույց են տալիս, որ բանակցային գործընթացն, այնուամենայնիվ, ընթանում է ։ Այն բավականին բարդ է առաջին հերթին հակամարտության կողմերի երկու՝ միմյանցից տարբերվող մոտեցումների առկայության պատճառով։ Այսպես՝ Ադրբեջանը հակամարտությունը դիտարկում է բացառապես որպես տարածքային վեճ ՝ պահանջելով տարածքներ և անտեսելով այդ տարածքներում ապրող մարդկանց։ Հայկական կողմերն ի դեմս Արցախի տեսնում են ոչ միայն տարածք, այլև այնտեղ ապրող մարդկանց՝ համապատասխանաբար տեսնելով սեփական ճակատագրի որոշման մեջ նրանց մասնակցության անհրաժեշտությունը:
<Մյուսներից ավելի լավ այս դիրքորոշումը, իմ կարծիքով, հաջողվել է ձևակերպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով հնչեցրել և հիմնավորել է արցախցիների շահերը որպես Հայաստանի ղեկավար ներկայացնելու անհնարինությունը ։ Այդ շահերը կարող է և պետք է ներկայացնի միայն արցախցիների կողմից ընտրություններում նման իրավունքով օժտված մարդը ։ Եվ Արցախի Հանրապետությունը ճանաչվել է միջազգային հանրության կողմից, թե ոչ, այստեղ հարցը երկրորդական է>, - կարծում է Իսկանդարյանը ։
Ընդ որում, ընդհանուր առմամբ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը, ըստ քաղաքագետի, առանձնակի փոփոխություններ չի կրել Հայաստանի նախորդ նախագահի լեգիսլատուրայի համեմատ: Ինչպես սկզբունքային փոփոխությունների չենթարկվեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակությունը։ Իսկանդարյանը կարծում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը նախկինի պես պետք են միմյանց՝ ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի օրոք: Այս առումով Իսկանդարյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ առանձնակի տեղաշարժ տեսանելի ապագայում չի տեսնում: