Արմինֆո. Ապրիլի 4-6-ը Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն Իրաքյան Քուրդիստան կատարած այցի ընթացքում, մայրաքաղաք Էրբիլում հանդիպել է Անվտանգության խորհրդի կանցլեր Մասրուր Բարզանիին (Masrour Barzani)։
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են հայ և քուրդ ժողովուրդների պատմականորեն ձևավորված հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը։ Դեսպան Փոլադյանը կանցլեր Բարզանիին շնորհավորել է Իրաքի Քուրդիստանի ինքնավարության վարչապետի թեկնածու ընտրվելու կապակցությամբ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ առևտրական հարաբերությունները խորացնելու շուրջ, ինչպես նաև պայմանավորվել շարունակել իրենց շփումները։ Օգտվելով առիթից՝ դեսպան Հրաչյա Փոլադյանն իր երախտագիտությունն է հայտնել Իրաքյան Քուրդիստանի կողմից հայ համայնքին անվճար տրամադրած հողատարածքի, ինչպես նաև կառավարության ֆինանսավորմամբ` Էրբիլի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու կառուցման համար (եկեղեցու օծման արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 6-ին)։
Այնուհետև դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի Քուդիստանի ինքնավարության խորհրդարանի խոսնակ, տիկին Վալա Ֆարիդին (Vala Farid), փոխխոսնակ Հեմին Հավրամիին (Hemin Hawrami), քարտուղար Մունա Կահվեչիին (Muna Kahveci)։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ և քուրդ խորհրդարանականների համագործակցության հնարավորությունները՝ ընդգծելով երկու ժողովուրդների կողմից համատեղ պատմությունը կիսելու և ապագայում բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու ուղիները։
Իրաքի Քուրդիստանի ինքնավարության արտաքին հարաբերությունների դեպարտամենտի նախարար Ֆալահ Մուստաֆայի (Falah Mustafa) հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հավանականությանը։ Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետարքրքրություն ներկայացնող առևտրային և մշակութային հարցերին, տարածաշրջանային զարգացումներին, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը։ Նախարար Ֆալահ ՄուստաՖան արտահայտել է Ինքնավարության կառավարության մոտեցումը` խաղաղ գոյակցության և երկխոսության միջոցով չլուծված խնդիրների կարգավորմանը հասնելու համար։
Իրաքյան Քուրդիստանի ինքնավարություն այցի ընթացքում դեսպան Հրաչյա Փոլադյանը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել նաև ներքին գործերի նախարար Քարիմ Սինջարիի (Karim Sinjari), Էրբիլի նաhանգապետ Նավզադ Հադիի (Nawzad Hadi) և երկրամասի խորհրդարանում ներկայացված միակ հայ պատգամավոր Վահիկ Սարանյանի հետ։