Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Հայաստանում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված «Գույնի ձևը. Վերածննդից Ռոկոկո» ցուցահանդեսի բացմանը:
Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո, ներկա էին երկու երկրների կառավարությունների և խորհրդարանների անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցահանդեսի բացման կապակցությամբ իր ողջույնի խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Իտալիայի դեսպան պարոն Վինչենցո դել Մոնակոյին՝ նմանօրինակ նախաձեռնության միջոցով մեր երկու պետությունների և ժողովուրդների մշակութային երկխոսությանը նպաստելու համար։ Հարկ եմ համարում նշել, որ այս ցուցահանդեսը մեզանում եզակի մշակութային իրադարձություն չէ. սրանով դեսպանատունը շարունակում է իտալական մշակույթը զանազան ձևաչափերում Հայաստանի հանրությանը ներկայացնելու տարիներ ի վեր չդադարող ավանդույթը: Ուստի, ի դեմս Ձեզ, ողջունում եմ նաև Հայաստանում Իտալիայի դեսպանի պաշտոնում ձեր նախորդների երախտագործ ջանքը:
Աշխարհի հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող հայ և իտալացի ժողովուրդների պետական հարաբերությունների, բարեկամության ու մշակութային փոխազդեցությունների պատմությունը հարուստ է ու դարերի խորքը գնացող, և ուրեմն, միանգամայն օրինաչափ է, որ արդի մշակութային արեալում, այսօրինակ ու համանման փոխադարձ շփումներից զատ, մեր երկու երկրներն աշխուժորեն համագործակցում են նաև մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման ասպարեզում:
Նույն հոգևոր արմատից սնուցվող արժեհամակարգային ընդհանրություններով տոգորված, Կիլիկյան Հայաստանից մինչև Վենետիկ, մինչև ս. Ղազար կղզի, աշխարհիկ ու հոգևոր դասի բազմաթիվ նվիրական անուններ լայն իմաստով մշակութապես վեհացրել են հայ-իտալական հարաբերություններն այնքան հիմնավոր ու անտարակուսելի, որ այսօր այստեղ հավաքվածներիս թիկունքն զգալիորեն պինդ է և հուսալի: Եվ հենց այս զգացումով է, որ դարձյալ շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում ցուցահանդեսի կազմակերպիչներին վենետիկյան դպրոցի հանճարների կենսուրախությամբ ու գեղանկարչության հուզականությամբ լի անկրկնելի աշխատանքները մեր հանրությանը ներկայացնելու համար»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված ստեղծագործություններին:
«Գույնի ձևը. Վերածննդից ռոկոկո» ցուցահանդեսը ներկայացնում է 16-18 դարերի իտալացի նշանավոր վարպետների ստեղծագործությունները Տրիեստ քաղաքի Հին արվեստի ազգային պատկերասրահից: Այն ներառում է ինչպես Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչների, այնպես էլ եվրոպական արվեստի հետագա փուլերի արվեստագետների աշխատանքները՝ 55 գեղանկար ու գծանկար: Ստեղծագործություններն ամփոփված են թեմատիկ 4 ցուցադրությունում: