Արմինֆո. ԵՄ-ն իր առանձնահատուկ դերն ունի իր գործընկերների հետ փոխգործակցության և երկխոսության ոլորտում, և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը մեզ համար գերակա է։ Այդ մասին ապրիլի 5-ին ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախաձեռնած լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտեր Սվիտալսկին։
Սվիտալսկին նշել է, որ Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում կան մի շարք մշտական մարտահրավերներ: Հայաստանում ԵՄ դեսպանը նաեւ հաղորդել է, որ երկուշաբթի Բրյուսելում տեղի կունենա հայ գործընկերների հետ մարդու իրավունքների հարցերի քննարկում: «Թավշյա հեղափոխությունից հետո Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ի հայտ եկան նոր հնարավորություններ, սակայն այդ ոլորտում եղած ոչ բոլոր խնդիրներն են վերացել՚, - ընդգծել է Հայաստանում ԵՄ դեսպանը:
Նա նաև նշել է, որ 12 ամիսն, անշուշտ, մեծ ժամկետ չէ, բայց այն մարդիկ, ովքեր ժամանակին դուրս են եկել փողոց, ունեն իրենց պահանջները և սպասում են փոփոխությունների։ «Ինձ թվում է, որ մի շարք փոփոխություններ արդեն տեղի են ունեցել, բայց կան մի շարք խնդիրներ, որոնք օրակարգում են՚, - ընդգծել է Սվիտալսկին:
Նրա խոսքով՝ Եվրամիության համար շատ կարեւոր է, որ Հայաստանում ձեւավորվի ազատ դատական համակարգ, եւ բարեփոխումներ են անհրաժեշտ արդարադատության ոլորտում: «Մենք նաև կարծում ենք, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր ուրույն տեղն է զբաղեցնում գենդերային հավասարությունը, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանությունը: Հայաստանում գործում է «Ընտանեկան բռնության մասին՚ օրենքը, որն այժմ կատարման ընթացքի մեջ է, եւ մենք կտեսնենք, թե ինչ արդյունքներ է այն տալու։ Մենք՝ որպես ԵՄ-ի ներկայացուցիչներ, լիահույս ենք, որ կանայք ավելի ակտիվ կներգրավվեն Հայաստանի քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում՚, - նշել է դեսպանը։ Սվիտալսկին նաեւ անդրադարձել է սոցիալական եւ աշխատանքային իրավունքներին։ Նա հույս է հայտնել, որ նոր Հայաստանում կլինեն աշխատանքային և սոցիալական իրավունքների երաշխիքներ։