Արմինֆո.Հանրապետության նախագահի նստավայրը՝ Հանրապետության տունը, հանրությանն ավելի մոտ ու հասանելի դարձնելու նպատակով նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ ծրագրվում են մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, ասմունքի երեկոներ անցկացնել նստավայրի դահլիճներում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, «Նախագահական համերգաշարը» մեկնարկել է այսօր մեծանուն դաշնակահարուհի, միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր, ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանի մենահամերգով:
Համերգին ներկա են եղել նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, պետական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ և Սվետլանա Նավասարդյանի համաձայնությամբ համերգը նվիրվել է բոլոր մայրերին, քույրերին ու դուստրերին:
Համերգի ավարտին նախագահ Սարգսյանն ասել է. «Թույլ տվեք ձեր բոլորի անունից մեր խորին շնորհակալությունը և սերը հայտնել Սվետլանա Նավասարդյանին՝ նրա մեծ արվեստի և երկար տարիների անխոնջ աշխատանքի, նվիրումի և համաշխարհային ու հայկական մշակույթի մեջ հսկայական ներդրման համար»:
Համերգից հետո Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից տեղի է ունեցել ընդունելություն: Երեկոյին աջակցել է Կոնվերս բանկը: