Արմինֆո.Եվ Արցախի ժողովուրդը, և Ղրիմի ժողովուրդը իրավունք ունեն իրացնել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը, և երկակի սկզբունքներն այստեղ անընդունելի են: Այդ մասին մարտի 29-ին Երեւանում «Ազգերի ինքնորոշման իրավունքն արդի միջազգային պրակտիկայում. հնարավորություններ եւ մարտահրավերներ՚ միջազգային գիտագործնական խորհրդաժողովում հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Ընդ որում, նա ընդգծել է, որ անցկացվող խորհրդաժողովի թեման արդիական է ինչպես երբեք, քանի որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկն է:
Քաղաքական գործիչը նաեւ ափսոսանք է հայտնել այն հանգամանքի համար, որ ժամանակին խորհրդային կուսակցական ղեկավարությունը հաճախ անտեսում էր այդ իրավունքը, ինչպես դա եղավ, օրինակ, Լեռնային Ղարաբաղի դեպքում: Այդ կապակցությամբ նա արձանագրել է, որ Արցախը ժամանակին հանրաքվե է անցկացրել ԽՍՀՄ Սահմանադրությանը համապատասխան և ինքնորոշվել է։ «Վերջին 30 տարիների ընթացքում իմ ժողովրդի պատմությունը կապված է անկախության և ինքնորոշման պայքարի հետ։ Եվ այս առումով կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ և Արցախի ժողովուրդը, և Ղրիմի ժողովուրդն իրավունք ունեն իրացնելու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը, և երկակի սկզբունքներն այստեղ անընդունելի են՚, - ասել է Շարմազանովը, հավելելով, որ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը։
Շարմազանովը նաեւ համոզմունք է հայտնել, որ անցկացվող միջոցառումը վառ վկայությունն է այն բանի, որ հայ - ռուսական դաշնակցային հարաբերություններն այլընտրանք չունեն:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպել էր «Ղրիմի բարեկամներ՚ միջազգային ասոցիացիայի հայկական բաժինը, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, «Ղրիմի գործարար և մշակութային կենտրոն՚ պետական ինքնավար հաստատությունը՝ Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի, «Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների միավորում՚ ՀԿ-ի մասնակցությամբ: