Արմինֆո.Մարտի 18-21-ը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը:
Միջոցառումների շրջանակում մարտի 21-ին տեղի է ունեցել Դաշինքում համատարմագրված ՖՄԿ անդամ պետությունների առաքելությունների մասնակցությամբ ընդունելություն, որի ընթացքում որպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը նախագահող պետության ներկայացուցիչ բացման խոսքով հանդես է եկել ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանը, ով ներկայացրել է Հայաստանի Հանրապետության՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահության առաջնայնությունները։ Իր խոսքում Գագիկ Հովհաննիսյանը, ընդգծելով ֆրանսերեն լեզվին և ֆրանկոֆոն մշակույթին Հայաստանի նվիրվածությունը, ներկայացրել է 2018թ. հոկտեմբերին Երևանում «Ապրել միասինե խորագրով կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի արդյունքները և մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում նախատեսվող առանցքային միջոցառումները։ Գագիկ Հովհաննիսյանի ֆրանսերեն լեզվով ելույթից հետո միջոցառման մասնակիցները, ի թիվս այլոց, հնարավորություն են ունեցել համտեսելու հայկական տաղավարում ներկայացված հայաստանյան արտադրության կոնյակների և գինիների լավագույն նմուշները։ Հիշյալ միջոցառմանը ներկա էին ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների մի շարք դեսպաններ և Դաշինքի բարձրաստիճան պաշտոնյաներ։