Արմինֆո. Նախաձեռնությունը, որով, դատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից, պատրաստվում է հանդես գալ Հայաստանը, կարող է արմատական բեկում մտցնել ղարաբաղյան բանակցային գործընթացում, ընդ որում ՝ անկախ դրա իրականացման հաջողության աստիճանից։ Այդպիսի կարծիք է հայտնել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը։
Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների մարտի 12-ի համատեղ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պատրաստակամությունն է հայտնել հետևողականորեն առաջ մղելու Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու գաղափարը: Նրա խոսքով, այդ հարցը եղել է և լինելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկումների առանցքային հարցերից մեկը:
<Հայաստանի վարչապետը, փաստորեն, Իլհամ Ալիևից համաձայնություն է ակնկալում բանակցային գործընթացին Արցախի լիարժեք մասնակցության համար։ Ավելին, հայտարարելով, որ Ադրբեջանի նախագահի հետ առաջիկա առաջին պաշտոնական հանդիպումը օրակարգ չի ունենա՝ Փաշինյանն այդպիսով ցույց տվեց մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու ձգտումը։ Այլ կերպ ասած՝ բանակցային նոր օրակարգ ձևավորելու հայտ է հնչեցրել> - ընդգծել է նա ։
Արդյունքում, Մելիքյանի կանխատեսմամբ, Ալիևին մնում է կամ անհապաղ մերժել հայ գործընկերոջ առաջարկները ՝ վերադառնալով առաջնագծում ռազմական միջադեպեր հրահրելու մարտավարությանը, կամ էլ երկու-երեք ամիս դադար վերցնել Երևանի նոր մոտեցումներն ուսումնասիրելու և սեփական պատասխան դիրքորոշումը ներկայացնելու համար ։
Դրա հետ մեկտեղ, նրա գնահատմամբ, Երևանի մոտ անհրաժեշտ իրավական և դիվանագիտական ծրագրի բացակայության դեպքում, որի միջոցով հնարավոր կլինի ապահովել Արցախի լիարժեք մասնակցությունը գործընթացին, բանակցություններն անխուսափելիորեն կրկին կհայտնվեն փակուղում: Եվ դա անկախ Բաքվի արձագանքից։ Ավելին, այդ դեպքում, վերլուծաբանի կանխատեսումներով, Երևանը կարող է մեղադրվել բանակցային գործընթացը նպատակաուղղված տորպեդահարելու մեջ։ Սակայն, խնդրի ճիշտ ներկայացման և լուծման հնարավոր ուղիների որոշման դեպքում, նման սցենարից, ըստ Մելիքյանի, հնարավոր կլինի խուսափել։
Նշենք, որ Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների նիստի ժամանակ իր ելույթում Փաշինյանը, մասնավորապես, ասել է. <Հաջորդ կարևորագույն հարցը, որին անհրաժեշտ է պատասխանել, հետևյալն է՝ իսկ Հայաստանի կառավարություն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները և 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք: Սա իսկապես կարևորագույն հարց է, բայց այս հարցին ի պատասխան մենք կարիք ունենք կարևոր պարզաբանումների: Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, և ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը: Սա կարևոր է, որովհետև այն, ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է: Մենք, իհարկե, կարող ենք հանդես գալ այդ սկզբունքների սեփական մեկնաբանությամբ, բայց դա անիմաստ է, որովհետև մեր նպատակը ոչ թե լեզվակռիվն է, այլ արդյունավետ բանակցային գործընթացը: Եվ հետևաբար, բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները: Բայց համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, տարրերը, ինչպես արդեն նշեցի, վերջին 10 տարիներին ամենատարբեր և ամենատարածական մեկնաբանությունների տեղիք են տվել, և հետևաբար, առաջիկա բանակցային գործընթացի կարևորագույն նպատակը պետք է լինի այսպես ասած հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների և 6 տարրերի պարզաբանումը, և մենք պատրաստ ենք նաև այսպիսի խոսակցության>: