Արմինֆո.: ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2018 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները, որոնք համադրվել են 2017թ. ցուցանիշների հետ:
Կատարված ամփոփմամբ արձանագրվել է, որ 2018թ. ընթացքում ՀՀ իրավասու մարմինների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 1988 նյութ, որը գրեթե 4 անգամ գերազանցում է 2017թ․ ցուցանիշը՝ 500: Դրանցից 1469-ով, ինչը 3.6 անգամ ավելի է 2017թ․ ցուցանիշից (403 նյութ), հարուցվել են քրեական գործեր:
Հարկ է նկատել, որ 2018թ. ընթացքում ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերի համար առիթ են հանդիսացել 988 ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները, որը գրեթե 3.6 անգամ ավելի է 2017թ. համեմատությամբ (272), ԶԼՄ-ների 25 հրապարակումները (2017թ.՝ 8) և հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատավորի կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս հանցագործությունների մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերման 532 հանգամանքը (2017թ.՝ 123, կամ 4.3 անգամ քիչ):
Այս ցուցանիշները փաստում են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման հարցում հանրության կողմից նախաձեռնողականության դրսևորման աննախադեպ բարձր մակարդակի, կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողականության հանրային ընկալումների առավել խորը արմատավորման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ մարմինների դրսևորած բարձր ակտիվության մասին:
Հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված ընդհանուրը 2072 քրեական գործից ավարտվել է 749 գործի վարույթ: 151 (2017թ․-148) քրեական գործեր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
2018թ. ընթացքում ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 960 անձ, ինչն ավելի քան 60 տոկոսով ավելի է 2017թ. կոռուպցիոն քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանց թվից: Ընդ որում՝ եթե 2017թ. ընթացքում քրեական հետապնդման ենթարկված անձանցից 292-ն է եղել պաշտոնատար անձ կամ հանրային ծառայող, ապա 2018թ.՝ 470-ը, կամ շուրջ 61 տոկոսով ավելի։