Արմինֆո. Չի կարելի է պարզապես ընտրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեկ տարր և ասել, որ սա է կարգավորումը: Այդ մասին <Ամերիկայի Ձայնին> հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Նա հիշեցրել է, որ կան բազմաթիվ գործոններ եւ յուրաքանչյուր կողմ փորձում է վեր հանել դրանցից մի քանիսը: <Ադրբեջանի համար անշուշտ խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի շուրջ օկուպացված տարածքների վերադարձի եւ ընդհանրապես ինքնավարության եւ տարածքային ամբողջականության մասին: Հայաստանի դեպքում անշուշտ դա ընկալվում է այլ կերպ: Խոսքն ինքնորոշման եւ մարդկանց ազատ կամքի արտահայտման մասին է, որն անհրաժեշտ է գործընթացն առաջ տանելու համար: Այս երկու տարրերն էլ պետք է քննարկման մաս լինեն: Եւ ոչ միայն. Անհրաժեշտ է քննարկել խաղաղապահ ուժերի հարցը, փախստականների եւ ներքին տեղահանվածների վերադարձի հարցը: Անհրաժեշտ է քննարկել ենթակառուցվածքները: Դուք չեք կարող պարզապես ընտրել մեկ տարր եւ ասել, որ սա է կարգավորումը: Այսպիսով, բանակցություններում հաճախ է օգտագործվում այն բանաձեւը, թե ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ: Ամեն ինչն է անհրաժեշտ համաձայնեցնել, եւ եթե մի կողմ դրվեն փոխվստահության կառուցմանն ուղղված փոքր քայլերը, ապա երկու ղեկավարներին անհրաժեշտ է բարձրացնել այս խնդիրները եւ համաձայնեցնել ամբողջ փաթեթը, որն ընդգրկում է բոլոր հարցերը>,- ասել է Ուորլիքը:
Միաժամանակ նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի նոր կառավարությունն ամեն ջանք կներդնի բանակցությունները շարունակելու եւ տեւական կարգավորման հասնելու համար: <Իրականում, ցանկացած փոփոխություն նոր հնարավորություններ եւ նոր հեռանկարներ է բացում: Հավատացած եմ, որ կողմերը պետք է օգտագործեն այս հնարավորությունը՝ գործընթացն առաջ շարժելու նպատակով: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների ձայնին, ասեմ, որ համապատասխան պահին միշտ էլ նախատեսվել է, որ նրանք պետք է ընդգրկվեն պաշտոնական բանակցություններում: Պետք է հասկանալ. Այնպես չէ, որ ԱՄՆ-ի իշխանությունները կամ համանախագահները նրանց չեն լսում, նրանք հաճախ են հանդիպում փաստացի իշխանությունների հետ եւ անշուշտ վերջիններիս կարծիքը հաշվի են առնվում գործընթացի յուրաքանչյուր փուլում>,- ասել է Ուորլիքը: