Արմինֆո. Ստեղծված նոր իրավիճակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր հնարավորություններ են բացվում, «Ամերիկայի Ձայնին» հետ հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի Խմբի ԱՄՆ նախկին համանախագահ, այժմ ռուսաստանյան իրավաբանական ընկերության աշխատակից դեսպան Ջեյմս Ուորլիքը:
«Կարծես թե, նախագահ Ալիեւն ընդունում է, որ նոր հնարավորություններ են բացվել: Հավատացած եմ, այս պայմաններում համանախագահներն աշխատում են երկու պետությունների ղեկավարների միջեւ պաշտոնական հանդիպում կազմակերպելու ուղղությամբ», - նշել է Ուորլիքը:
Պաշտոնաթող դեսպանը, ով այժմ Վաշինգտոնում ներկայացնում է Վլադիմիր Պուտինի համակուրսեցու եւ ընկերոջ՝ Նիկոլայ Եգորովի կողմից հիմնադրված «Եգորով, Պուգինսկի, Աֆանասյեվ եւ գործընկերներ» ռուսական խոշորագույն իրավաբանական ընկերությունը, ընդգծում է, որ չի կիսում այն կարծիքը, թե Մոսկվան հետաքրքրված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: «Երեք տարի համանախագահ աշխատելով ես դրա որեւէ ապացույց չեմ տեսել: Ընդհակառակը, աշխատել եմ Ռուսաստանի կառավարության հետ, տեսել եմ նրանց հետաքրքրությունը կարգավորման գործում: Եւ ասեմ, որ դա տրամաբանական է. Ռուսաստանն ունի բազմաթիվ այլ խնդիրներ աշխարհում եւ չէր ցանկանա, որ իր սահմաններին, իր ավանդական բարեկամներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը սրվեր», - ասել է ՄԽ նախկին համանախագահը:
Ավելի վաղ Մինսկի Խմբում ԱՄՆ-ի նախկին այլ ներկայացուցիչ, պաշտոնաթող դեսպան Ռիչարդ Հոգլանդը «Ամերիկայի Ձայնին» ասել էր, որ Ռուսաստանում կան շրջանակներ, որոնք հետաքրքրված չեն ղարաբաղյան խնդրի լիարժեք կարգավորման մեջ, քանի որ դրա արդյունքում Կրեմլը կզրկվի Երեւանի եւ Բաքվի վրա ազդեցություն գործադրելու կարեւոր լծակից: Դեսպան Ջեյմս Ուորլիքի խոսքով, ժամանակի ընթացքում ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե սառում է այլ դառնում է ավելի վտանգավոր: Ուստի, անհրաժեշտ է այն կարգավորել եւ «օր առաջ ազատվել երկրների ապագան մշուշում թողնող ամպերից՚:
«Իսկ ձեր կարծիքով, արդյո՞ք հայերի եւս մեկ սերունդ ցանկանում է ապրել այս ամպի տակ: Անշուշտ՝ ոչ: Նույնը վերաբերում է ադրբեջանցիներին. Արդյո՞ք կարծում եք` Ադրբեջանի ժողովուրդը ցանկանում է այս խնդիրը փոխանցել հաջորդ սերունդներին: Անշուշտ՝ ոչ», - համոզմունք է հայտնել Ուորլիքը:
Նրա ասելով, հակամարտության կարգավորման սկզբունքները, հիմնականում, անփոփոխ են եւ լավ հայտնի. այժմ դրանք ներառված են «Լավրովի ծրագիր» կոչվող հայտնի փաստաթղթում, որը, սակայն, Ուորլիքը նախընտրում է չանվանել Սերգեյ Լավրովի անունով:
«Այդ սկզբունքները պետական գաղտնիք չեն: Կարգավորման ուրվագծերը քննարկվել են տարիներ շարունակ, եւ կողմերից պահանջվում են համարձակ քայլեր առաջ շարժվելու համար», - ամփոփել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահը: