Արմինֆո. Փետրվարի 28-ին Ադրբեջանի հայերի ասամբլեան Երեւանում երթ կանցկացնի Ադրբեջանում ցեղասպանության զոհ դարձած հայերի հիշատակին: Ասամբլեայի ղեկավար Գրիգոր Այվազյանի խոսքերով, երթը մեկնարկում է ժամը 12: 00-ին Ծիծեռնակաբերդից: Երթին կմասնակցեն նաև այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
«Այս երթով մենք ցույց կտանք մեր միասնությունը: Այո, մենք հասել ենք անկախության Ղարաբաղի 120 հազար հայերի համար, սակայն չպետք է մոռանալ, որ մենք դրա դիմաց հատուցել ենք ցեղասպանությամբ, Ադրբեջանից կես միլիոն հայերի արտաքսմամբ», - փետրվարի 27-ին լրագրողներին ասել է Այվազյանը:
1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել հայերի զանգվածային ջարդեր, որոնց ընթացքում, պաշտոնական տվյալներով, շուրջ 30 մարդ է սպանվել, եւ հարյուրավոր հայեր վիրավորվել են: Սումգայիթում հայերին սպանել են, այրել, բռնաբարել միայն այն բանի համար, որ նրանք հայ էին: Հարյուրավոր վիրավորներից շատերը դարձել են հաշմանդամ: 1988 թվականի փետրվարի վերջին Սումգայիթի դեմքը հարյուրավոր ավիրված ու այրված բնակարաններն էին, տասնյակ հազարավոր հայ փախստականները:
Սումգայիթյան ջարդերի օրվանից անցել է 31 տարի, սակայն աշխարհն այդպես էլ պատշաճ գնահատական չի տվել քաղաքում տեղի ունեցած իրադարձություններին, որի անվանումն իսկ ցանկացած հայի մտքում կապվում է ջարդերի եւ սպանությունների հետ: Հետագայում խորհրդային դատարանը դատապարտեց ջարդերի ենթադրյալ կազմակերպիչներին, սակայն ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո դրանք բոլորն ազատ արձակվեցին:
«Կոտորածի էպիկենտրոնում` Սումգայիթի երկաթուղային կայարանի մերձակայքում, ամեն ինչ այրվում էր, եւ ոչ մի ողջ հայ չէր երեւում, թեև նրանք, հիմնականում, հենց այդ շրջանում էին ապրում: Բոլոր հայերը` շուրջ 500 մարդ, գտնվում էին կուսակցության քաղաքային կոմիտեի շենքում: Փետրվարի 28-ն ամենասարսափելի օրն է եղել: Ես ժամանեցի Սումգայիթ փետրվարի 29-ին, եւ ինձ հեղեղեցին ծննդատանը մորթված կանանց, ջարդված գլուխների, սեփական բնակարաններում ողջակիզված մարդկանց լուսանկարներով: Ընդամենը 60 լուսանկար, որոնք հետագայում տվեցի Մոսկվայի փախստականների կոմիտեին», - պատմում է այդ սարսափելի օրերի ականատեսը` խորհրդային բանակի պաշտոնաթող գեներալ-մայոր Ռոման Հարությունովը: Նա իր ունեցած տեղեկատվության հիման վրա համոզված է, որ ադրբեջանցիները Սումգայիթի հայերի կոտորածը նախապատրաստել էին դեռևս 1987 թվականին` Ղարաբաղյան ազատագրական շարժումն սկսվելուց շատ առաջ: Մասնավորապես, Սումգայիթում ապրող բոլոր հայերին այդ մասին նախազգուշացրել է Հարությունովի քույրը, սակայն այն ժամանակ նրա խոսքերին ոչ ոք կարևորություն չի տվել: Միեւնույն ժամանակ, գեներալի տվյալներով, փետրվարի 27-ից 29-ն ընկած ժամանակահատվածում Սումգայիթում 95 մարդ է սպանվել: Բոլոր մնացածները ստիպված էին փախչել Հայաստան եւ Միության մյուս հանրապետություններ` թողնելով իրենց ունեցվածքը:
«Սումգայիթից վերադառնալուց հետո ես գնացի իմ ղեկավարության` բանակի գեներալ Գովորովի մոտ եւ պատմեցի այն ամենը, ինչ տեսել էի: Հաջորդ օրն ադրբեջանցիները նամակ գրեցին պաշտպանության նախարարին` պահանջելով ինձ ձերբակալել հակասովետական ելույթների համար: Վեց ամիս անց Գովորովը զեկույց գրեց ինձ գեներալ-լեյտենանտի կոչում շնորհելու մասին, իսկ ևս մեկ ամիս անց ստացավ պաշտպանության նախարար մարշալ Յազովի պատասխանը. «Այսուհետև այդ ղարաբաղցի ծայրահեղականին կոչման համար ինձ չներկայացնել՚: Դրանից հետո ես եւ երկու որդիներս հեռացանք բանակից: Մենք հեռացանք, բայց մնացինք մաքուր խղճով», - հայտարարել է գեներալը: