Արմինֆո. Կոռուպցիայի դեմ պայքարը չափազանց կարևոր է, սակայն այն պետք է կրի համալիր բնույթ: Փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
Դիվանագետի ասելով, եվրոպացի գործընկերները, դիտարկելով կառավարության ծրագիրը նշել են հստակ ուղերձները, որոնք վկայում են կոռուպցիային հակազդելու իշխանությունների պատրաստակամությունը: Ընդ որում, ինչպես նշել է Պյոտր Սվիտալսկին, այդ չարիքի դեմ պայքարի արդյունավետ իրագործման համար միայն քաղաքական կամքը բավական չէ: «Հայաստանը կարիք ունի համապատասխան ինստիտուտների, օրենսդրական փոփոխությունների, ընդհանուր հակակոռուպցիոն մշակույթի ձևավորման՚, - պարզաբանել է դեսպանը:
ԵՄ պատվիրակության ղեկավարի ասելով, եթե Հայաստանի կառավարությունը որոշի կոռուպցիայի դեմ պայքարում աջակցության համար դիմել եվրոպական գործընկերներին, ապա ԵՄ պատրաստ է աջակցել այդ հարցում: «Մենք տրամադրված ենք կառուցողականորեն: Սակայն, նախաձեռնությունը միշտ պետք է բխի հայկական կողմից՚, - հայտարարել է դիվանագետը: Ընդ որում, նա կոչ է արել առանձնապես պատրանքներ չփայփայել, քանի որ «գործընթացը տևական է, նույնիսկ, անվերջ՚, և կոռուպցիայի լիակատար վերացման հասնելն անհնար է: