Արմինֆո. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին գտնում է, որ 2019 թվականը Հայաստանը և Եվրամիությունը սկսել են քաղաքական բարձր նոտայով: Այդ մասին նա հայտարարել է փետրվարի 26-ին ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով, տարեսկիզբը նշանավորվեց ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանի այցով:
<Մենք պատրաստվում ենք մի շարք ինտենսիվ հանդիպումների ու այցերի: ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի /CEPA/ շրջանակներում սպասվումե ն հանդիպումներ Բրյուսելում և Երևանում: Դա վկայում է այն մասին, որ ՀՀ և ԵՄ միջև երկկողմ հարաբերությունները զարգանում են շատ կառուցողական, և մենք դինամիկ երկխոսության փուլ ենք մտնում>,- հայտարարել է դիվանագետը:
Պյոտր Սվիտալսկին հիշեցրել է, որ անցած տարվա վերջին Հայաստանը ԵՄ գործընկերներին է փոխանցել Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրից բխող գործողությունների ճանապարհային քարտեզը: Փսատաթուղթը ծավալուն է և պարունակում է հարյուրավոր գործնական միջոցառումներ: Այն վերլուծության է ենթարկվել Եվրահանձնաժողովի համապատասխան ծառայությունների կողմից: <Այժմ փաստաթղթի շուրջ քննարկումներ են ընթանում միջգերատեսչական հանձնաժողովներում, և, կարծում եմ, մարտի վերջին մենք կունենանք պատրաստի փաստաթուղթ>,- նշել է դեսպանը: Նշենք, որ Հայաստանի և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թ. նոյեմբերի 24-ին: 2018 թ. ապրիլին ՀՀ խորհրդարանը միաձայն վավերացրել է այն: