Արմինֆո.Բանակցությունների սեղանի շուրջ Արցախի նախագահ Բակո Սահակյանի բացակայությունն իմաստազրկում է հակամարտության կարգավորման ողջ բանակցային գործընթացը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը:
«Ժամանակին Ստեփանակերտին դուրս մղելով բանակցային գործընթացից` Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ղեկավարվել է այն տրամաբանությամբ, որի համաձայն, իրեն ընտրել են արցախցիները, ինքն արցախցի է, ուստի արցախցիներին ավելի լավ է հասկանում, քան Հայաստանի ցանկացած քաղաքական գործիչ: Այդպիսով, այս տրամաբանության շրջանակում, ինքն իրեն իրավունք է վերապահել ներկայացնելու ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի ժողովրդին: Նիկոլ Փաշինյանը, նույն տրամաբանության շրջանակում, հայտարարում է, թե որպես ընտրված վարչապետ, ունի միայն Հայաստանի ժողովրդի մանդատը: Փաշինյանը երբեք չի եղել Արցախի քաղաքացի և մարտական գործողություններին չի մասնակցել՚, - ընդգծել է նա:
Խորհրդարանականի գնահատմամբ, այդ լույսի ներքո` Հայաստանի վարչապետի դիրքորոշումը միանգամայն տրամաբանակն է: Ադրբեջանն ու ԼՂԻՄ ադրբեջանական համայնքն այսօր բանակցություններում ներկայացված են Իլհամ Ալիևի կողմից, Հայաստանը` օրինական ընտրված և միջազգային հանրության կողմից ճանաչված Նիկոլ Փաշինյանի կողմից: Մինչդեռ Արցախի հայ բնակչությունն այսօր էլ զրկված է սեփական ճակատագրի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու հնարավորությունից: Եվ միակ մարդը, որը կարող է օրինականորեն ներկայացնել նրանց շահերը բանակցություններում, Իգիթյանի համոզմամբ, հենց Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանն է:
Պատգամավորի գնահտամամբ, հենց այս տրամաբանության շրջանակում Հայաստանի վարչապետը Բեռլինում հանդես է եկել բավականին հետաքրքիր և ուշագրավ հայտարարությամբ, որի համաձայն, առաջիկա բանակցությունների արդյունքում մշակվելիք առաջարկությունը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Եվ այդ հայտարարությունն արվել է Ալիևից համանման պատասխանի ակնկալիքով, որը հանդես է գալիս բացառապես ագրեսիվ, ոչ կառուցողական հռետորաբանությամբ:
«Այլ խոսքով ասած` այն պայմաններում, երբ Բաքուն բանակցությունների արդյունքում ակնկալում է Արցախի այնպիսի կարգավիճակ, որը, փաստորեն, այսօրվա կարգավիճակից ավելի ցածր է, այն պայմաններում, երբ այդ կարգավիճակը արցախցիներին անվտանգության ոչ մի երաշխիք չի տալիս, նրա վարքագիծը կառուցողական չէ: Ալիևի կառուցողականությունը կարող է արտահայտվել բացառապես կարգավորման այնպիսի տարբերակի առաջ քաշմամբ, որն ընդունելի լինի հակամարտության բոլոր կողմերի համար: Կարծում եմ, որ Ալիևի այդ մոտեցման մասին արդեն իրազեկված է ԵԱՀԿ Մինսկի խումբը՚, - նշել է նա:
Իգիթյանի կարծիքով, միջնորդների բոլոր գործողություններն, իրենց հերթին, այսօր նպատակաուղղված են բանակցային գործընթացի վերսկսմանը: Այդ տրամաբանության շրջանակում համանախագահները դեռ ոչ մի նախապայման, կարգավորման բանաձև չեն քննարկել: ԵԱՀԿ ՄԽ-ն դեռ միայն փորձում է ծանոթանալ կողմերի պատկերացումներին` թե ինչպես կարելի է վարել շուրջ երեք տարի առաջ ընդհատված բանակցային գործընթացը:
1992 թվականից ի վեր ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը ներկայացված է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների կողմից: 1994 թվականին Հրադադարի ռեժիմի հաստատման շուրջ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո այս բոլոր տարիներին շփման գծում սպանությունները ընդմիջվել են հաշտությանը նպատակաուղղված բանակցություններով: Սակայն, նախորդ տարեվերջից սկսած, սպանությունները, գործնականում, դադարել են, իսկ ԵԱՀԿ ՄԽ միջնորդները, Բաքուն ու Երևանն սկսել են խոսել հակամարտության կողմերին հաշտության նախապատրաստելու անհրաժեշտության մասին: